Հայտնի են ուսանողական գիտաժողովի մրցանակակիրները. երեկ գիտաժողովն ավարտել է իր աշխատանքները

Դիտումների քանակ՝ 835

Ապրիլի 28-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ավարտվել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված` «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագրով «EconewMIND» ուսանողական եռօրյա գիտաժողովը, որին մասնակցել են գիտական ուսումնասիրություններ ներկայացրած ՀՊՏՀ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:
Գիտաժողովի երեք օրերի ընթացքում լսվել է 30 զեկուցում` «ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» , «ՀՀ-ն միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում» և «ՀՀ տնտեսության արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» խորագրերով բաժանմունքներում:
Մրցութային վերջին օրն ամփոփվել են արդյունքները և հայտարարվել հաղթողների անունները` ըստ բաժանմունքների: Այսպիսով` «ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» բաժանմունքի մրցանակային տեղերը բաժանվել են հետևյալ կերպ` 1-ին տեղը զբաղեցրել է Շուշան Ալեքսանյանը, 2-րդը` Լիա Գյուլամիրյանը, 3-րդը Սրբուհի Իսրայելյանը:
«ՀՀ-ն միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում» խորագրով բաժանմունքում 1-ին տեղը գրավել է Հերմինե Կատվալյանը, 2-րդը` Ռուզաննա Թադևոսյանը, 3-րդը` Աստղիկ Ղազարյանը:
«ՀՀ տնտեսության արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» խորագրով բաժանմունքի 1-ին տեղը զբաղեցրել է Պրաքսյա Նազարեթյանը, 2-րդը` Տաթևիկ Վարդանյանը, 3-րդը` Շուշանիկ Գևորգյանը:
Մրցանակակիրներին շնորհավորել, պատվոգրեր և իր հեղինակած «Գիտելիքահենք տնտեսություն» գիրքն է հանձնել ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Վերջինս հավաստագրեր է հանձնել նաև գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկած բոլոր ուսանողներին: Պրոռեկտորն իր խոսքում կարևորել է նման ուսանողական գիտաժողովների անցկացումը և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ուշագրավ ու արժեքավոր զեկուցումների ու քննարկումների համար:
Միջոցառումն իր ելույթով եզրափակել է ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: Վերջինս նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և նշել, որ ջանք ու եռանդ չեն խնայի հետագայում ևս ուսանողական նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար:
Գիտաժողովի ավարտին տրվել է տոնական ճաշ, որից հետո ուսանողներն ուղևորվել են Երևան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին