ՀՊՏՀ ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմը դարձել է «Գարնանային գավաթ» մրցույթ-փառատոնի հաղթող
Սիրելի’ ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր համալսարանի ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմը դարձել է երեկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած ուրախների և հնարամիտների ակումբի «Գարնանային գավաթ» մրցույթ-փառատոնի հաղթող և արժանացել փառատոնի գավաթին:
«Այս ելույթը մեր նորացված թիմի համար առաջինն էր, և մեծ պատասխանատվությամբ էինք պատրաստվել: Անչափ հպարտ ենք և ուրախ, որ մենք ևս կարողացանք բարձր պահել «Нар-Хоз»-ի պատիվը»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց հողագույքային հարաբերություններ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, «Нар-Хоз»-ի ավագ Էդգար Գրիգորյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` փառատոնին մասնակցել են նաև Երևանի պետական բժշկական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ՈՒՀԱ դպրոցականնների լիգայում հաղթող ճանաչված թիմեըը: Մրցույթը բաղկացած է եղել երկու` ողջույնի և բիատլոնի փուլերից: Առաջին փուլի ընթացքում բոլոր թիմերը հանդես են եկել ողջույնի խոսքով, սակայն «Нар-Хоз»-ի համար որոշիչ է եղել բիատլոնի փուլը, որի ընթացքում ելույթ են ունեցել թիմերի ավագները: Այսպիսով` երկու փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել «Нар-Хоз»-ը: Մեր թիմին շնորհավորել և հաղթողի գավաթը հանձնել է «Գարնանային գավաթ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչ և վարող, մեր համալսարանի շրջանավարտ Սարգիս Կալպակյանը:
«Ծրագրեր ու անելիքներ շատ ունենք. Պատրաստվում ենք մասնակցելու «Ուսանողական գարուն» փառատոնին: Իսկ ամենակարևորը առաջիկայում կայանալիք ՈՒՀԱ ուսանողական լիգայի առաջնությանը լավ հանդես գալն է»,- ասաց Էդգար Գրիգորյանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է համալսարանի «Нар-Хоз» թիմին և մաղթում նորանոր հաջողություններ:
Հ.Գ. Լուսանկարում` «Нар-Хоз» թիմի ավագ Էդգար Գրիգորյանը
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին