ՀՊՏՀ ուսանողը դարձել է նորարարական-ինտերակտիվ գործարար խաղի հաղթող

Դիտումների քանակ՝ 1197

Ապրիլի 14-ին ամփոփվել են «Մարքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստանում առաջին անգամ անցկացվող գործարար խաղի (Businessgame) արդյունքները: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահ, մեր համալսարանի մարքեթինգ մասնագիտության երկրորդ կուրսի մագիստրանտ Տարոն Պարսամյանը:
«Գործարար այս խաղի միջոցով հնարավորություն է ստեղծվում ծավալելու անիրական բիզնես գործունեություն: Ըnտրել էինք ձկնաբուծության ոլորտը, որին ծանոթանալու համար հանդիպել ենք վերոնշյալ բնագավառի գործարարների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն քաղել նրանց ծավալած գործունեության, այստեղ իշխող գների մասին և դրանք տրամադրել խաղի մասնակիցներին»,-մեզ հետ զրույցում ասաց Տարոն Պարսամյանը և հավելեց, որ նորարական-ինտերակտիվ այս խաղին մասնակցության հայտ էին ներկայացրել տարբեր բուհերի մարքեթինգի, կառավարման, PR-ի բաժինների և հարակից մասնագիտություններ ուսումնասիրող 55 ուսանող: Համալսարանի մագիստրանտն ուրախությամբ տեղեկացրեց, որ գործարար խաղի հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սերգեյ Բուլղադարյանը, ով ստացել է 100 հազար դրամ մրցանակ։ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ Գևորգ Բաղդասարյանը (50 հազար դրամ) և Մանե Բաղդասարյանը (25 հազար դրամ)։
Գործարար խաղից ստացած իր տպավորությունների մասին մեզ պատմեց նաև հաղթողը` Սերգեյ Բուլղադարյանը: Նրա ներկայացմամբ`բոլոր մասնակիցներին տրվել են տրամաբանական խնդիրներ, որոնց ճիշտ պատասխանների հիման վրա ընտրվել է 10 մասնակից:
«Հենց այս 10 մասնակցի միջև էլ ծավալվեց լարված մրցակցություն: Բոլորս պետք է հանդես գայինք որպես ձկնաբուծության ոլորտի գործարարներ` նույն սկզբնական կապիտալով և հնարավորություններով: Զարգացնելու էինք ոլորտը, զբաղվելու ձկնաբուծությամբ, դուրս էինք գալու շուկա: Հաղթելու էր առավելագույն շահույթ ապահոված մասնակիցը»,-ասաց Սերգեյ Բուլղադարյանը: Վերջինիս խոսքով` խաղն ընթացել է 8 փուլով: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո այն մասնակիցը, որը նվազագույն շահույթ է ապահովել, լքել է խաղը, իսկ նրա ողջ գույքը դրվել է աճուրդի: Սերգեյ Բուլղադարյանը նշեց, որ վերջին երեք մասնակիցներն էլ փորձել են իրենց ծավալած գործունեության միջոցով առավելագույն շահույթ ստանալ, սակայն հաղթել է ինքը:
«Մրցույթին մասնակցեցի, որպեսզի ստուգեմ գիտելիքներս և ձեռք բերեմ նոր ընկերներ: Ուրախ եմ, որ իմ առջև դրած խնդիրները պատվով կատարեցի»,- մեր զրույցի ավարտին ասաց Սերգեյ Բուլղադարյանը` հավելելով, որ այսպիսի գործարար խաղերը նաև ձեռք բերած գիտելիքները փորձնականում ստուգելու լավագույն միջոց են:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է Սերգեյ Բուլղադարյանին և մաղթում է նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին