ՀՊՏՀ ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմը կմասնակցի «Գարնանային գավաթ» մրցույթ-փառատոնին

Դիտումների քանակ՝ 819

Ապրիլի 16-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա ուրախների և հնարամիտների ակումբի «Գարնանային գավաթ» մրցույթ-փառատոնը, որին կմասնակցի նաև մեր համալսարանի ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմը: Այս բնագավառում արդեն մեծ ճանաչում վայելող ՀՊՏՀ «Нар-Хоз»-ը ունի նորացված կազմ: Թիմում ընդգրկվել են համալսարանի բոլոր ֆակուլտետների ՈՒՀԱ թիմերի լավագույն ներկայացուցիչները: Ընտրությունը կատարվել է «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի շրջանակում` 2012 թվականի նոյեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցած միջֆակուլտետային ուրախների և հնարամիտների ակումբների ելույթների հիման վրա:
«Մեր թիմը համալրվել է հիմնականում առաջին կուրսեցիներով, որոնց համար սա առաջին ելույթն է: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի լավ հանդես գանք և բարձր պահենք «Нар-Хоз»-ի պատիվը»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց հողագույքային հարաբերություններ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, «Нар-Хоз»-ի ավագ Էդգար Գրիգորյանը: Վերջինս նշեց նաև, որ պատասխանատվության մեծ բեռ են կրում, քանի որ «Нар-Хоз»-ը ավանդաբար լավ ելույթներ է ունեցել, դարձել է հաղթող, գրավել մրցանակային տեղեր, և այս ասպարզում բարձր վարկանիշ ունի: Էդգար Գրիգորյանի խոսքով` իրենք ևս ջանք ու եռանդ չեն խնայել, լավ են պատրաստվել և կփորձեն արդարացնել երկրպագուների սպասումները: Թիմի ավագը հույս հայտնեց, որ իրենց պատրաստած` կյանքի տարբեր ոլորտներին առնչվող ծիծաղաշարժ մանրապատումները, զավեշտալի դրվագները և կատակները կարժանանան բարձր գնահատականի:
Դիտարժան ելույթ և հաջողություն ենք մաղթում ՀՊՏՀ ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին