ՀՀ տնտեսության զարգացումները և մակրոտնտեսական կանխատեսումները. ՀՀ ԿԲ աշխատակիցները` ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ ղեկավարության հրավերով այսօր մեր բուհում հյուրընկալվեցին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ԿԲ անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը, դրամավարկային քաղաքականության վարչության աշխատակիցներ Վահագն Գրիգորյանը, Շահանե Հարությունյանը և Քնարիկ Այվազյանը:
«Մենք այսօր սիրով ենք հյուրընկալել ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին, ԿԲ մյուս աշխատակիցներին: Վստահ եմ, որ նրանց ներկայացրած հարցի շուրջ կծավալվի շահագրգիռ քննարկում և դուք կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանը»,-հյուրերին և մասնակիցներին ողջունեց համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Վերջինս վստահեցրեց, որ այսուհետ ևս բուհ կհրավիրվեն մեր երկրի համար կարևոր դերակատարում ունեցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն մեր երկրի տնտեսությանն առնչվող կարևորագույն հարցեր:
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ նման հանդիպումների ընթացքում նախևառաջ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու ԿԲ-ի ծրագրերն ու նախագծերը, կատարած աշխատանքները:
«ՀՀ տնտեսության փաստացի զարգացումները և մակրոտնտեսական կանխատեսումները միջնաժամկետ հատվածում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Շահանե Հարությունյանը: Նրա բարձրացրած հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում բանախոսին հարցեր հղեցին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Հովսեփ Աղաջանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանը, ուսանողներ:
Միջոցառման ավարտին Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` հուսալով, որ գիտելիքների փոխանցմանը և ձեռքբերմանը նպաստող այսպիսի հանդիպումները կլինեն շարունակական:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին