Այսօրվա «Բաց դասը» վարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը. ջերմ հանդիպում մեր բուհում

Դիտումների քանակ՝ 937

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և հրավերով «Բաց դասի» շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը:
Դասախոսության թեման էր «Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում և դրա զարգացման հիմնական ուղղությունները»:
Մարզպետը ուսանողական խորհրդին շնորհակալություն հայտնեց հրավերի և այն հետևողականության համար, որով բաց դասերի ավանդույթը շարունակվում է և դառնում ուսանողության իմացության և մտահորիզոնի ընդարձակման հրաշալի միջոց:

Էդգար Ղազարյանը ցավակցություն և խոր կսկիծ հայտնեց կառավարման ֆակուլտետի ուսանող Տիգրան Հայրապետյանի մահվան առիթով:
Այնուհետև բանախոսն ուսանողների և դասախոսների ուշադրությանը ներկայացրեց և հիմնական շեշտադրումներով անդրադարձավ  Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման էությանն ու կազմավորման նախադրյալներին, համակարգում առկա հիմնախնդիրներին, Երևան քաղաքում դրանց առանձնահատկություններին, համակարգի զարգացման ուղղություններին:
Դասախոսությունից հետո ուսանողները հնարավորություն ունեցան տեղական ինքնակառավարման  հիմնախնդիրների շուրջ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալ մի մասնագետից, ով այդ խնդիրներին համակողմանիորեն և խորությամբ անդրադարձել է իր գիտական հետազոտություններում և կուտակում է այդ բնագավառում կառավարման փորձ և հմտություններ:
Ուրախալի էր տեսնել, թե ուսանողներն ինչպես էին շրջապատել իրենց սիրելի դասախոսին և երախտագիտության ինչպիսի խոսքեր էին հղում նրան:
Դասախոսությունը հատկապես օգտակար տեղեկատվություն էր պարունակում կառավարման ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ապագա այն մասնագետների համար, ովքեր համալրելու են մեր երկրի տեղական ինքնակառավարման բնագավառում աշխատողների և հետազոտողների շարքերը: «Ուրախ եմ, որ մեր ուսանողների ուշադրությունը երբեք չի նվազում ուսման, նորանոր գիտելիքներ կուտակելու հանդեպ, և ես միշտ պատրաստ եմ օգտակար լինել նրանց իմ գիտելիքներով և փորձով»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին