Ավարտական ուղևորություն. օտարերկրյա ուսանղները տպավորված են Հայաստանի բնությամբ

Դիտումների քանակ՝ 849

ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողների նախապատրաստական դասընթացների ավարտի և ավարտական հավաստագրեր ստանալու կապակցությամբ, ՀՊՏՀ ղեկավարության աջակցությամբ, ապրիլի 6-ին կազմակերպվել է օտարերկրացի ուսանողների ուղևորություն դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` Ծաղկաձոր և Սևանա լիճ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց արտասահմանցի ուսանողների ուսումնակազմակերպական աշխատանքները համակարգող Մհեր Աղալովյանը: Վերջինիս խոսքով` այս շրջագայությունը օտարերկրացի ուսանողներին պարգևել է հիշարժան պահեր. նրանք հմայվել են Ծաղկաձորի հրաշագեղ բնությամբ, հիացել Սևանա լճի անկրկնելի գեղեցկությամբ, այցելել վանական համալիր, որտեղ հանդիպել են հայկական հարսանյաց արարողության և ստացել անմոռաց տպավորություններ: Այս շրջագայությունից օտարերկրացի ուսանողները վերադարձել են տպավորված` իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով այցի կազմակերպիչներին:

Այդ ուսանողներից Վարուն Ջոշին ուղևորության ավարտին շնորհակալական նամակ է հղել բուհի ղեկավարությանը, ինչպես նաև արտասահմանցի ուսանողների ուսումնակազմակերպական աշխատանքները համակարգողներին՝ Մ. Աղալովյանին, արտաքին կապերի բաժնի պետ Վ. Ղուկասյանին, նույն բաժնի աշխատակից Մ. Մակունցին, դասախոս Ա. Գրիգորյանին: Նա իր նամակում մասնավորապես գրել է. «…Շատ ազդեցիկ էր Ծաղկաձորի ճոպանուղին, և բարձրությունից տեսարանն այնքան հրապուրիչ էր, որ մեզ մոտ ցանկություն առաջացավ նորից այցելել այնտեղ: Սևանում այցելեցինք հայկական եկեղեցի, որտեղ տեղի էր ունենում հարսանիք և, ի ուրախություն մեզ, կարողացանք ծանոթանալ հայկական հարսանեկան ավանդական արարողակարգին: Նաև նկարվեցինք հարսի ու փեսայի հետ՝ անմահացնելով այդ հաճելի պահերը: Շատ շնորհակալ եմ համալսարանից և դասախոսական կազմից Հայաստանում մեր ներկայությունը հաճելի դարձնելու համար…»:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվանից մեր բուհում մեկնարկել են արտասահմանցի ուսանողների նախապատրաստական դասընթացները, որին մասնակցել են ուսանողներ Հնդկաստանից և Նեպալից: Ապրիլի 5-ին 6-ամսյա նախապատրաստական դասընթացների ավարտի կապակցությամբ օտարերկրացի ուսանողներին ավարտական հավաստագրեր էր հանձնել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:












ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին