Ծննդյան հոբելյան, ուսումնակազմակերպական հարցերի քննարկում. ռեկտորատի նիստում

Դիտումների քանակ՝ 932

Այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը սկսվեց ծննդյան հոբելյանի հիշատակմամբ. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ լրացել է մեր բուհի վաստակաշատ դասախոս, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Լիդա Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը:
«Ես մեր բուհի անունից, ուսանողների անունից ողջունում եմ Ձեզ, ողջունում Ձեր անցած ճանապարհը, մաղթում առողջություն, հաջողություններ և երկար համագործակցություն մեր համատեղ աշխատանքում»,- ասաց բուհի ղեկավարը: Կորյուն Աթոյանը նշեց, որ տիկին Պետրոսյանը նաև իրեն է դասավանդել, եղել է խստապահանջ, եռանդուն դասախոս: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ ՀՊՏՀ ռեկտորը բուհի կոլեկտիվի անունից Լիդա Պետրոսյանին հանձնեց շնորհավորական ուղերձ և ՀՊՏՀ ոսկե հուշամեդալ:

Այնուհետև ռեկտորատն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես դեկանները զեկուցեցին 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի ՀՀ ԿԳ նախարարության կողմից թույլատրված ակադեմիական պարտքերի մարման լրացուցիչ փուլի արդյունքների մասին, անդրադարձ եղավ ուսումնակազմակերպական մի շարք խնդիրների, քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին