ՀՊՏՀ թենիսիստ մարզուհիներն արժանացել են արծաթե մեդալի

Դիտումների քանակ՝ 840

Ապրիլի 6-ին «Հայաստան» մարզական ընկերության մարզադահլիճում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող թենիսի տղաների և աղջիկների մրցաշարը, որին մասնակցել են հանրապետության տարբեր բուհերի` տղաների 14, աղջիկների 9 հավաքականներ: ՀՊՏՀ տղաներն իրենց ենթախմբում գրավելով առաջին տեղը` քառորդ եզրափակչում պարտվել են Վանաձորի մանկավարժական համալսարանի թիմին և զբաղեցրել 5-րդ տեղը: Առաջին հորիզոնականը գրավել է Վանաձորի պետական մանկավարժական, 2-րդը` Երևանի պետական, 3-րդը` Արցախի պետական համալսարանների թիմերը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը: Վերջինս ուրախությամբ տեղեկացրեց նաև, որ գեղեցիկ ու դիտարժան խաղ են ցուցադրել ՀՊՏՀ թենիսիստ աղջիկները: Մեր մարզուհիները կիսաեզրափակչում հաղթել են ԵՊՀ թիմին, այնուհետև լարված ու համառ պայքարում պարտվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզուհիներին: Արդյունքում` մեր թենիսիստ մարզուհիները զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը և արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարի հաղթող է դարձել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի թիմը, 3-րդ տեղը զբաղեցրել են ԵՊՀ մարզուհիները:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է մեր արծաթե մեդալակիր թենիսիստուհիներին` Շողեր Անտոնյանին, Արմինե Յարալովային և Անի Ատուրյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին