Կյանքից հեռացել է ՀՊՏՀ երկարամյա դասախոս Նորայր Մանասերյանը

Դիտումների քանակ՝ 725

Կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի երկարամյա դասախոս Նորայր Մանասերյանը: Գիտնական, ում անունը քաջ հայտնի է որպես իր գործին նվիրված, հայրենասեր, ազնիվ, արդար ու անաչառ անհատականություն:
Ն. Մանասերյանը ճանաչված ու սիրված գիտնական էր, հեղինակ հարյուրավոր գիտական աշխատությունների` մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, հոդվածների: Նրա ուսումնասիրություններում կարևորվում են հողային հարաբերությունների, գյուղատնտեսության վերարտադրության, ուրբանիզացիայի, Հայաստանի լեռնային շրջանների և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները: Գիտնականի արժեքավոր հոդվածներն այսօր էլ պարբերաբար լույս են տեսնում ԱՄՆ-ում, Կանադայում, Միջին Արևելքում` Սփյուռքի հայալեզու պարբերականներում: Գիտնականը ներդրում է ունեցել նաև Արցախի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների ծավալման մեջ:
Պրոֆեսորը նաև ճանաչված հասարակական քաղաքական գործիչ էր: Անգնահատելի է հատկապես նրա` որպես Հայաստանի երրորդ Հանրապետության պատգամավոր, ծավալած գործունեությունը: 1990-1995 թթ. ղեկավարել է ՀՀ Գերագույն խորհրդի ագրարային հարցերի հանձնաժողովը, մշակել երկրում հողի սեփականաշնորհման օրենսդրական հիմքերը:
Նորայր Մանասերյանի ծավալած գիտական, մանկավարժական և հասարակական գործունությունը բարձր է գնահատվել. նա արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալի, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի, պետական և կառավարական այլ պարգևների:
Սիրված ու ճանաչված պրոֆեսորն իր կյանքի ճանապարհն անցել է նվիրումով ու սիրով, թողել արժեքավոր գիտական ժառանգություն, մի քանի ուսանողական սերունդներ է կրթել ու ճանապարհել մեծ կյանք: Նա իր գործընկերների ու սաների հուշերում ընդմիշտ կմնա որպես իր սերն ու բարությունը շրջապատին ու մարդկանց փոխանցող անհատականություն, տաղանդավոր գիտնական, ում թողած գիտական ժառանգությունը դեռ երկար տարիներ շարունակելու է կրթել ու անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել:
ՀՊՏՀ ամբողջ կոլեկտիվը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ սգում են գիտնականի մահը, ցավակցում նրա հարազատներին:

Հ.Գ. Լուսանկարը՝ aravot.am-ի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին