Գրավո՞ր, թե՞ բանավոր քննություն. բանավիճում են կառավարման, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետների ուսանողները

Դիտումների քանակ՝ 837

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կառավարման և տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետների ուսանողների միջև  այսօր տեղի ունեցավ բանավեճ-քննարկում` նվիրված ուսանողներին հուզող շատ կարևոր մի խնդրի` քննությունների անցկացման եղանակին:  Միջոցառմանը մասնակցեց նաև ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Բանավիճող կողմերը բաժանվեցին երկու խմբի: Առաջին խումբը (տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետ) հիմնավոր փաստարկներով, տարբեր օրինակներով փորձեց ապացուցել, որ առավել արդյունավետ է քննությունների կազմակերպման բանավոր եղանակը: Այս տեսակետին հակադրվեց երկրորդ խումբը (կառավարման ֆակուլտետի ուսանողներ): Նրանք բերեցին հակափաստարկներ, որոնք ասում էին այն մասին, որ գրավոր եղանակն է քննությունների անցկացման  առավել արդյունավետ  ձևը: 

Ուսանողների այս նախաձեռությունը ողջունեց և քննարկվող հարցի շուրջ իր դիրքորոշումն արտահայտեց նաև Միհրդատ Հարությունյանը: «Դուք շատ կարևոր և մեզ բոլորիս հուզող հարց եք բարձրացնում:  Գովելի է, որ լուծումներ են առաջարկում, սեփական դիտարկումներն ու եզրանգումներն են կատարում հատկապես առաջին կուրսեցիները»,-ասաց պրոռեկտորը և հայտնեց, որ քննարկվող հարցը նաև բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Միհրդատ Հարությունյանը համաձայնելով երկու կողմերի բերած փաստարկների հետ` նշեց, որ հայտնված տեսակետներում կան թե’ դրական, թե’ բացասական կողմեր:  «Թե’ գրավոր, թե’ բանավոր քննաձևերում կան  առավելություններ և թերություններ: Պետք է դրանց զուգակցմամբ գտնել առավել արդյունավետ եղանակը»,- իր տեսակետը հայտնեց պրոռեկտորը: Վերջինիս խոսքով` ճշմարտությունն այն է, որ քննական գործընթացի ամենակարևոր սուբյեկտները դասախոսն ու ուսանողն են: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ազնիվ, արդար ու անաչառ լինի իր առաջ, իր գործն անի պատասխանատվությամբ: «Դասախոսը պետք է գիտելիք հաղորդի, ուսանողը` սովորի:  Միայն այդ դեպքում է հնարավոր բացառել քննական գործընթացում տեղ գտած բոլոր բացասական երևույթները»,- իր խոսքի ավարտին ասաց պրոռեկտորը` հորդորելով ուսանողներին առավել ակտիվորեն քննարկել  ուսումնառության գործընթացին առնչվող հարցեր և բարձրաձայնել դրանց մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին