ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում մեկնարկեց ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային փուլը

Դիտումների քանակ՝ 740

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում գումարվեց ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի նիստը` ազդարարելով ֆակուլտետային փուլի մեկնարկի մասին: Մասնակցեցին ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, դասախոսներ և ուսանողներ:
Մասնակիցներին և զեկուցողներին ողջունեց, արդյունավետ աշխատանք մաղթեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Անտոնյանը:
«ՈՒԳԸ-ն հետազոտական կարողություններ ունեցող, գիտական աշխատանքով զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողներին հնարավորություն է ընձեռում ի ցույց դնելու իրենց կարողությունները և ճանապարհ բացում դեպի գիտության աշխարհ»,-շնորհավորելով ուսանողներին նստաշրջանի ֆակուլտետային փուլի մեկնարկի կապակցությամբ`ասաց Միքայել Թավադյանը:
Ներկաներին և մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը: Վերջինս նշեց, որ լավագույն ուսումնասիրություններ ներկայացրած 5 ուսանող կմասնակցի ՈՒԳԸ համալսարանական փուլին, իսկ 1-ից 3-րդ տեղերի մրցանակակիրները կպարգևատրվեն, ինչպես նաև հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 26-28-ը Ծաղկաձորում տեղի ունենալիք «EconewՄիտք» ուսանողական գիտաժողովի աշխատանքներին:
Նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ ուսանողներին շնորհավորեց նաև կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ համակարգող, կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Մերի Բադալյանը:
Նիստում իրենց ուսումնասիրությունները ներկայացրեցին 10 ուսանող: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Անի Ատոնյանը նշեց, որ նիստն ընթացավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում: Զեկուցող ուսանողների արծարծած հիմնահարցերն ու խնդիրները արդիական էին և արժանի ուշադրության: Կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի տեղեկացմամբ` 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստն իր աշխատանքները կշարունակի ապրիլի 2-ին, որտեղ կլսվի ևս 10 զեկուցում: Նստաշրջանի ավարտից հետո մրցատյանը կքննարկի բոլոր զեկուցումները և կորոշի երեք լավագույն աշխատանքները, ինչպես նաև կհայտարարի այն ուսանողների անունները, ովքեր կերաշխավորվեն մասնակցելու համալսարանական ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին