Գովազդային գործունեության կազմակերպում. առաջարկում են ուսանողները
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության առաջին կուրսի ուսանողների «Գովազդային գործունեության կազմակերպում» դասընթացի շրջանակներում այսօր անցկացրած դասը մեծ ոգևորություն էր առաջացրել: Ուսանողները, ուսումնասիրելով հայտնի ընկերությունների գովազդային գործունեությունը, սեփական առաջարկություններն ու եզրահանգումներն էին կատարում:
Այս անգամ ուսանողական խումբը, ուսումնասիրելով «Laki dessert art studio» քաղցրավենիքներ արտադրող ընկերության գովազդային գործունեությունը, ներկայացրեց իր դիտարկումներն ու առաջարկությունները: Համաձայն դրանց` վերոնշյալ ընկերությունն ավելի սիրված և ճանաչված դառնալու համար պետք է իրականացնի մի շարք միջոցառումներ. կիրառի զեղչային համակարգ, սեփական սրաճարաններ բացի, արտադրի ռեկորդային չափերի հասնող տորթեր և գրանցվի Գինեսի գրքում, ունենա կարգախոս: Ուսանողներն նյութը ներկայացրեցին գեղեցիկ տեսապատկերների միջոցով:
«Հուրախություն բոլորիս` այս մասնագիտության առաջին կուրսը զարմացնում է գիտելիքներ ստանալու անհագ ցանկությամբ: Այս ուսանողները ոչ միայն դասախոսից են պահանջում մասնագիտական գիտելիքներ հաղորդել իրենց, այլև իրենք են սովորում, փորձում ստացած գիտելիքները գործնական աշխատանքով ամրապնդել»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց վերոնշյալ դասընթացի վարող, մարթեթինգի ամբիոնի ասիստենտ Նաիրա Հայրապետյանը: Վերջինիս խոսքով` հենց այսպիսի միջոցառումներն են, որ օգնում են ամրապնդել ուսանողների տեսական գիտելիքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին