Բանավեճ-քննարկում` ամբիոնում, բաց դաս՝ ուսխորհրդում. միջոցառումներ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1101

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի այսօրվա բանավեճ-քննարկումը «Հայ ազգային քաղաքական կուսակցությունների ձևավորման և գործունեության հարցի շուրջ» թեմայով անցկացվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված սեմինարների շրջանակում:
Բանախոսը` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանը, անդրադարձավ հայ ազգային քաղաքական կուսակցությունների ձևավորման նախադրյալներին, նրանց գործունեության ռազմավարական և մարտավարական խնդիրներին:


Բանավեճ-քննարկումը, որը ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների մասնակցությամբ վարում էր ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը անցավ աշխատանքային հագեցած մթնոլորտում:
Այսօրվա միջոցառումների շարքում տեղի ունեցավ նաև ուսանողների նախաձեռնած հերթական բաց դասը: ՀՊՏՀ կառավարման և տնտեսության կարգավորման ու ՄՏՀ ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ տեղի ունեցած «Բաց դասն» այս անգամ նվիրված էր բանակցելու արվեստին: Այն այս անգամ ևս վարում էին ուսանողները:
«Ուրախ եմ, որ մեր կազմակերպած «Բաց դասերը» ոգևորություն ու հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն մեր, այլ նաև մյուս ֆակուլտետների ուսանողության շրջանում: Մեծ ուրախությամբ ենք այսօր հյուրընկալել տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողներին»,- միջոցառումից առաջ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը:
«Բաց դասը» վարողները բանակցելու արվեստի մասին ներկայացրեցին բազմաթիվ տեսակետներ ու դրույթներ, խոսեցին բանակցելու եղանակների ու միջոցների, ընտրված մարտավարության մասին: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին երեք խմբի և սկսեցին բանակցային գործընթացը: Առաջին խմբում քննարկվեցին արտադրությամբ զբաղվողների, 2-րդ խմբում` բնապահպանական, 3-րդում` սոցիալական և ընտանեկան հիմնահարցեր և խնդիրներ: Քիչ հետո բանակցող խմբերը ներկայացրեցին քննարկվող հարցերի շուրջ իրենց ընդունած որոշումներն ու ծրագրերը: Ամենահաջողված նախագիծն արժանացավ հավանության:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին