Լույսի և հույսի մի շող դարձեք. ՀՊՏՀ-ում էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը

Դիտումների քանակ՝ 1045

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր հյուրընկալվեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը: Հյուրին ներկայացնելով` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ այս կազմակերպությունը դոնորագրելով մարդկանց, փրկում է բազմաթիվ հիվանդների կյանքեր:
Սևակ Ավագյանը ներկայացնելով իրենց կազմակեպությունը` նշեց, որ նախաձեռնել են հանդիպումներ տարբեր բուհերի ուսանողների հետ, որոնց ընթացքում պատմում են արյան հիվանդությունների, ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր դառնում են ոսկրածուծի դոնորներ: «Հանձնելով ոսկրածուծ` յուրաքանչյուրս կարող է լույսի ու հույսի մի շող դառնալ այս ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց համար»,-ասաց Սևակ Ավագյանը և դիմելով ուսանողներին` նշեց, որ դոնորությունը կամավոր է և դոնոր կարելի է դառնալ միմիայն սեփական ցանկությամբ:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով` հայկական  ռեեստրում այսօր գրանցված է 24 հազար դոնոր, և յուրաքանչյուրը կարող է դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ` փրկելով մարդկանց կյանքեր: Նա ներկայացրեց նաև դոնոր դառնալու բոլոր պայմանները` տեղեկացնելով, որ ինքը, իր երեխաները ևս դոնոր են և գրանցված են հայկական ռեեստրում: «Բուհը ոչ միայն մասնագետներ պատրաստելու, այլև լավ մարդ ու քաղաքացի դաստիարակելու օջախ է, ուստի դառնալով ոսկրածուծի դոնոր, դուք օգտակար կլինեք մարդկանց»,-ասաց Սևակ Ավագյանը:
Վերջինս պատասխանեց նաև ուսանողներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին