Ծրագրի ամփոփում՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
Մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել iRegion ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ծրագրի շրջանակներում կազմակերպված քառամսյա «Նոր մեդիա» խորագիրը կրող դասընթացի` Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի մասնակիցներին տրվել են վկայականներ և խրախուսական պարգևներ: Անցկացվել է նաև բլոգ-էքսպո, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին՝ վիզուալիզացված ցուցադրության միջոցով: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Անահիտ Խաչատրյանը, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, ՏԻՄ մարմիններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրից նաև հայտնում են, որ iRegion-ը Հայաստանի չորս մարզերի քաղաքացիական լրագրողներին միավորող նոր մեդիա հարթակ է, բաց այն քաղաքացիների համար, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի ու երկրի նկատմամբ, հանդես են գալիս իրականությունը փոխելու նախաձեռնություններով: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. հուլիսին՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում, ապա շարունակվել նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում: Եղեգնաձորում ամփոփվել են Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզի արդյունքները:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցել են նաև մասնաճյուղի ուսանողները, մասնաճյուղը նաև օգնել է ծրագրին՝ տարածաշրջանի մասնակիցների ներգրավումը կազմակերպելով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին