Հիմնադրվեց «Ֆուտբոլասերների ակումբը». ՀՊՏՀ-ն կհյուրընկալի ճանաչված ֆուտբոլիստների

Դիտումների քանակ՝ 882

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ «Ֆուտբոլասերների ակումբի» հիմնադրման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ֆուտբոլը սիրող, այս մարզաձևի մասին համապարփակ գիտելիքներ ունեցող ուսանողները: Միջոցառման սկզբում հնչեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի օրհներգը` ազդարարելով արարողության մեկնարկը:
«Մեր համալսարանում գործող ակումբներին այսօր ավելանում է ևս մեկը: Հուսով եմ, որ այն կկայանա և ֆուտբոլը սիրող ուսանողների համար կդառնա գործունեության մի նոր ասպարեզ»,- այս ուրախալի առիթով «Ֆուտբոլասերների ակումբի» անդամներին ողջունեց ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: Վերջինիս խոսքով` ակումբում ընդգրկված անդամները պետք է հետաքրքրվեն ոչ միայն եվրոպական ֆուտբոլով, այլև աջակցեն ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականին միջբուհական մրցաշարերի ժամանակ, օգնեն ներբուհական ուսանողական մրցումների կազմակերպմանը, ինչպես նաև երկրպագեն ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին: Ուսանողական խորհրդի նախագահը ֆուտբոլասերներին տեղեկացրեց նաև, որ ուսխորհրդի հրավերով մարտի 20-ին, ժամը 13.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի կունենա հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի, թիմի ավագ Ռոման Բերեզովսկու, խաղացողներ Հենրիկ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի հետ: Սևակ Խաչատրյանը բոլորին հրավիրեց հանդիպման:
Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը նորաստեղծ ակումբի անդամներին առաջարկեց ֆուտբոլի մասին 35 հարց: Ընտրվեցին առավելագույն հարցերի պատասխանած այն 10 ուսանողները, որոնք կպարգևատրվեն մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին