Այսօր կմեկնարկի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բասկետբոլի աղջիկների առաջնությունը

Դիտումների քանակ՝ 818

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 12-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում բասկետբոլի տղաների առաջնությունով մեկնարկել էին ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը: Առաջնության անդրանիկ մրցաշարի ավարտից և խաղերը հունի մեջ մտնելուց հետո, համաձայն մարզաշխարհում ընդունված կարգի, այսօր, ժամը 15.00-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի կունենա նաև ուսանողական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր մասի ավարտից հետո կմեկնարկի բասկետբոլի աղջիկների առաջնությունը, որին կմասնակցեն հանրապետության տարբեր բուհերի հավաքականներ: ՀՊՏՀ աղջիկների հավաքականը ժամը 17.30-ին կմրցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմի հետ: Այս մասին մեզ հայտնեց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը: Վերջինս հույս հայտնեց, որ ՀՊՏՀ բասկետբոլիստ աղջիկները գեղեցիկ ու դիտարժան խաղ կցուցադրեն:
Բասկետբոլի աղջիկների առաջնության բոլոր խաղերը տեղի կունենան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում:
Տեղեկացնենք նաև, որ բասկետբոլի տղաների առաջնությունը եզրափակվել է մարտի 16-ին: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գյումրու մանկավարժական, երկրորդը՝ Երևանի պետական, 3-րդը՝ Երևանի պետական բժշկական համալսարանների թիմերը: ՀՊՏՀ բասկետբոլիստ տղաները գրավել են 5-րդ տեղը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաջողություն է մաղթում մեր բասկետբոլիստուհիներին այսօր սպասվելիք խաղում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին