Ընտրվեցին ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ

Դիտումների քանակ՝ 1072

ՀՊՏՀ գիտխորհրդի այսօրվա նիստում անցկացվեց ամբիոնների վարիչների, ինչպես նաև ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթ:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով 59 կողմ ձայնով մարքեթինգի ամբիոնի վարիչ ընտրվեց միակ թեկնածուն՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, իսկ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում 58 կողմ, 1 դեմ ձայնով ընտրվեց կրկին միակ թեկնածուն՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոս Պետրոսյանը:
Մրցույթի արդյունքներով մարքեթինգի ամբիոնի պրոֆեսորի թափուր պաշտոնում ընտրվեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, իսկ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանն ընտրվեց կառավարման ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում:
Գիտխորհրդում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մարետա Նիկողոսյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում:
Գիտխորհրդի անդամները քվեարկությամբ հաստատեցին մրցույթի արդյունքները, ինչից հետո ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց ամբիոնների նորընտիր վարիչներին, պրոֆեսորներին, դոցենտի գիտական կոչում ստացած Մարետա Նիկողոսյանին՝ բարեմաղթելով արդյունավետ աշխատանք:
Մենք ևս շնորհավորում ենք մեր բուհի վաստակաշատ գիտնականներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին