ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1269

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանի, սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ Կարինե Բարսեղյանի և գլխավոր մասնագետ Հասմիկ Կիրակոսյանի հետ:
«Մասնագետները նշում են, որ աշխարհում հայտնի 13 բնական աղետներից Հայաստանը կարող է ենթարկվել 12-ին` բացառությամբ օվկիանոսայինների: Մեր բնակչությունը միշտ պետք է պատրաստ լինի դիմակայելու բոլոր տեսակի աղետերին, կարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ   դժվարագույն իրավիճակներից»,-կարևորելով աղետներից պաշտպանվելու համար գիտելիքների ուսուցումը` ասաց ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դոցենտ Սիրանուշ Հարությունյանը և ներկայացրեց հյուրերին:
 

«Սովորի’ր ինքդ և սովորեցրո’ւ ուրիշներին»,-ներկաներին հորդորելով առաջնորդվել այս կարգախոսով` Աշխեն Թովմասյանը նշեց, որ կուտակելով բնական աղետներից պաշտպանվելու մասին գիտելիքներ և դրանք փոխանցելով  ընկերներին ու բարեկամներին, շրջապատի մարդկանց`  հնարավոր է փրկվել և փրկել մարդկային կյանքեր:  Այնուհետև բանախոսն անդրադարձավ  երկրաշարժերի ծագմանը, տեսակներին, ուժգնության չափման միավորներին,  սեյսմիկ գոտիներին և կանխատեսման եղանակներին: Աշխեն Թովմասյանի խոսքով` Երկիր մոլորակի վրա գործում են երեք սեյսմավտանգ գոտիներ` խաղաղօվկիանոսյան օղակաձև, տրանսասիական և  միջատլանտիկական:  Ամենավտանգավորը առաջինն է` խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտին, որտեղ էլ տեղի են ունենում թվով ամենաշատ երկրաշարժերը (Չիլի, Ճապոնիա, Ինդոնեզիա): Սեյսմոլոգը խոսեց նաև  տրանսասիական սեյսմիկ գոտում ընկած մեր երկրում` Հայաստանում, տեղի ունեցող երկրաշարժերի մասին` նշելով, որ դրանք հիմնականում բնական ծագման են:
Հասմիկ Կիրակոսյանն անդրադառնալով երկրաշարժից պաշտպանվելու միջոցներին ու եղանակներին, վարքականոնին` նշեց, որ  բնակչության 55 %-ը տուժում է սխալ վարքի ու չիմացության հետևանքով: Բանախոսի խոսքով`անհարժեշտ է, որ բոլորը տեղյակ լինեն, թե երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո  ի՞նչ պետք է անեն: Մասնագետը հանգամանորեն խոսեց երկրաշարժերից պաշտպանվելու,  վնասները նվազագույնի հասցնելու միջոցների  ու եղանակների մասին:
Հյուրերը պատասխանեցին նաև ներկաներին հուզող հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին