Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 912

2012-2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների և խնդիրների մասին ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի զեկուցմամբ այսօր սկսվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:
Պրոռեկտորն ընդգծեց, որ կիսամյակի ընթացքում բավական լուրջ և հետևողական աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման, կատարելագործման և քննաշրջանները կազմակերպված անցկացնելու ուղղությամբ, թվային տվյալներով ներկայացրեց ուսման առաջադիմությունը տարբեր կրթաձևերում, խոսեց նաև գործընթացում առկա բացթողումների մասին, որոնք շտկելու ուղղությամբ մի շարք հանձնարարականներ տրվեցին:
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանը ներկայացրեց ՈՒԳԸ հաշվետվությունը՝ մասնավորապես ընդգծելով, որ անցած տարի ՈՒԳԸ աշխատանքը կենտրոնացած է եղել 34-րդ նստաշրջանի կազմակերպման վրա: Նա տեղեկացրեց, որ այս տարի անցկացվելու է  հոբելյանական 35-րդ նստաշրջանը, ներկայացրեց ՈՒԳԸ  խնդիրները, գիտխորհրդին դիմեց ընկերությանը աշխատասենյակ հատկացնելու խնդրանքով: ՀՊՏՀ ռեկտորը նշեց, որ ՈՒԳԸ աշխատանքների բարելավմանը միտված բոլոր խնդիրները կստանան իրենց լուծումները: Գիտխորհուրդը որոշեց ՈՒԳԸ աշխատանքները բարելավելու համար մի շարք հանձնարարականներ տալ համապատասխան ստորաբաժանումներին:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց 2012-2013 ուստարվա «Մաքսային գործ» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտացումների առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման առարկայական ցանկը հաստատելու մասին հարցը:
Գիտխորհուրդը միաձայն քվեարկությամբ ընդունեց ներկայացված հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը, միաժամանակ հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ, հրատարակության երաշխավորվեցին մի քանի աշխատանքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին