Ինչպե՞ս դառնալ ԿԲ թիմի անդամ. հանդիպում երկրի գլխավոր դրամատան ներկայացուցիչների հետ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր հյուրընկալվեցին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարբերությունների բաժնի պետ Վահագն Գրիգորյանը, նույն վարչության մոդելավորման և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը, անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Արմինե Թովմասյանը և անձնակազմի կառավարման մասնագետ Լիաննա Բալայանը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ԿԲ կառուցվածքին, այստեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ավարտական կուրսերի ուսանողներին երիտասարդ մասնագետների հավաքագրման գործընթացը ներկայացնելը:
ԿԲ կառուցվածքին, գործունեությանը, այստեղ իրականացվող ծրագրերին, խնդիրներին ու նպատակներին անդրադառնալով` Արմինե Թովմասյանը նշեց, որ Կենտրոնական բանկն ունի արժեքներ, որոնց անմնացորդ նվիրված է, և որոնք էլ առաջնորդում են յուրաքանչյուրին աշխատանքային գործունեության ընթացքում: Բանախոսը դրանցից կարևորեց անկախությունը, թափանցիկությունը, գերազանցությունը և արհեստավարժությունը: Նա գոհունակությամբ նշեց, որ ԿԲ-ում տիրում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, և բանկի փորձառու մասնագետները պատրաստակամությամբ ու սիրով իրենց փորձը, գիտելիքներն են հաղորդում, օգնում ու աջակցում երիտասարդ մասնագետներին: Արմինե Թովմասյանը ներկայացրեց նաև թափուր աշխատատեղերը համալրելու համար պարբերաբար հայտարարվող մրցույթներին մասնակցության կարգը:
Հայկ Ավետիսյանը ներկայացրեց ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչությունը, գործող բաժինները և իրականացվող գործառույթները: Նրա խոսքով` այստեղ իրենց աշխատատեղը կարող են գտնել համարձակ, ստեղծագործական միտք ու նախաձեռնողականություն ունեցող տնտեսագետ երիտասարդները, ովքեր աշխատանքի ընթացքում ձեռք կբերեն նոր, գործնական գիտելիքներ, փորձ և կդառնան ԿԲ թիմի լիարժեք անդամներ:
«Ընտրեք գործունեության այնպիսի ոլորտ, որտեղ ամբողջովին կկարողանանք իրացնել ձեր գիտելիքները, ձեր գործունությունն ու աշխատանքը կծավալեք սիրով ու նվիրումով»,- ուսանողներին դիմեց Վահագն Գրիգորյանը և բոլորին հորդորեց համարձակորեն իրականացնել իրենց ծրագրերն ու նպատակները:
Հյուրերը պատասխանեցին նաև ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին