Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հունվար-փետրվարյան համարը. վիկտորինա, նվերներ
«Տնտեսագետ» ամսագրի սիրելի ընթերցողներ, լույս է տեսել ամսագրի հունվար-փետրվարյան համարը: Այն երեկ աշխատանքային օրվա ավարտին է տպարանից բերվել, իսկ այսօր առավոտյան արդեն տարածվել է ամբողջ բուհով: Սիրելի ուսանողներ, ինչպես միշտ, ամսագիրը կարող եք ձեռք բերել ձեր ֆակուլտետի դեկանատներից։ Որոշ ժամանակ անց «Տնտեսագետի» էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am):
Տարեսկզբյան այս թողարկմամբ «Տնտեսագետն» անդրադարձ է կատարել համալսարանի այն կարևոր իրադարձություններին, որոնց ընթացքում վերլուծվել և ամփոփվել են 2012 թվականի ձեռքբերումները և նախանշվել հետագա անելիքները: Այդ հրապարակումներում ընդգծվել և շեշտադրում է ստացել ՀՊՏՀ-ում հետազոտական կենտրոնի ստեղծումը:
Սիրելի ընթերցողներ, ավանդական խորագրերի կողքին նոր տարին սկսել ենք նոր խորագրով` «Հայրենիքը սկսվում է բնությունից», որի ներքո ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսները կներկայացնեն մեր հայրենի բնաշխարհի առանձին վայրերը` բնակլիմայական, կենդանական ու բուսական աշխարհի առանձնահատկություններով, գեղեցկությամբ ու գրավչությամբ:
Այս համարում «Տնտեսագետը» և կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը յուրատեսակ հոբելյան են նշում. «Հայերենը` վտանգվածի» 10 տարին, 60-րդ թողարկումը և «Առտնին հայերենի» 30-րդ թողարկումը: Հոբելյանական հոդվածով հեղինակը կրկին անդրադառնում է հայերենի վտանգվածության խնդրին: Խորագրին անմիջապես հաջորդում է «Հայերենը` անզուգականը», որը հաստատում է մեր հրաշագեղ լեզվի ճոխությունն ու հարստությունը:
Սիրելի ընթերցողներ, տեղեկացնենք, որ վերը նշված հրապարակմամբ ձեզ վիկտորինա ենք առաջադրում. ո՞վ է «Հայերենը` անզուգական» վերնագրի ներքո մեջբերված տողերի հեղինակը: Հաղթող կճանաչվի ճիշտ պատասխանով առաջինը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ներկայացողը: Վերջինս խորհրդանշական նվերներ կստանա Վալերի Միրզոյանի և մեր բաժնի կողմից:
Նոր համարը ներկայացնում է ևս մեկ նոր խորագիր` «Ամենակարևորի մասին», որը այս համարից սկսած կլուսաբանի առողջ ապրելակերպին, ֆիզիկական դաստիարակությանը, առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը նվիրված հոդվածներ: Խորագիրը կվարեն ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոսները:
Լիահույս ենք, որ յուրաքանչյուր ընթերցող նոր համարում կգտնի իրեն հոգեհարազատ թեմա ու վերլուծություն և լուսանկարային լրաշարքի միջոցով հնարավորություն կստանա հետադարձ հայացքով վերհիշելու վերջին երկու ամիսների համալսարանական կարևոր իրադարձությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին