ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի նախաձեռնած դասընթացները մեկնարկել են
Փետրվարյան մեր թողարկումներում տեղեկացրել էինք, որ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի նախաձեռնությամբ մեր համալսարանը և «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերությունը համատեղ կազմակերպելու և անցկացնելու են թրեյնինգների դասընթաց` «Եթե գիտես:7:1» խորագրով:
Առաջին հանդիպմանը «Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերությունը, որը զբաղվում է վաճառքի զարգացմամբ և թրեյնինգներով, շնորհանդեսով ներկայացավ ՀՊՏՀ-ականներին, պարզաբանեց ընկերության գործունեության ուղղվածությունն ու նախատեսվող դասընթացի բովանդակությունը:
Շնորհանդեսից հետո մի քանի օր շարունակ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը իրականացրեց դիմողների հայտագրում, ձևավորեց ունկնդիրների առաջին խումբը, և մարտի 5-ին սկիզբ առան դասընթացները: Կենտրոնից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնում են, որ այսօր երրորդ դասընթացն է, մասնակիցները 22-ն են, որոնցից մի մասը մեր բուհի ուսանողներ են, մյուսները` այլ բուհերից, ինչպես նաև գործնական դաշտից: Դասընթացները սկսվում են երեկոյան 18.45-ին: Ամբողջ ծրագիրը ուսուցանելու համար նախատեսված է 2 ամիս` շաբաթական 2 հանդիպմամբ, ուստի այս դասընթացը կավարտվի ապրիլի վերջին:
Թեմատիկ ուղղություններն են` մարքեթինգ, կառավարման հմտություններ, գովազդ և PR, մոտիվացիա, մերչենդայզինգ, լոգիստիկա, բանակցություններ, թայմ մենեջմենթ, հաջողության գաղտնիքներ և այլն:
Վերջում մասնակիցները կստանան հավաստագրեր` ՀՊՏՀ-ի և «Այվազյան ընդ Փարթնըրսի» կնիքներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին