Պարգևատրում բուհի վաստակաշատ աշխատակիցներին (Թարմացված, լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1363

Մեր բուհում այսօր տոնական տրամադրություն էր. նշվեցին մի շարք հոբելյաններ: Առավոտյան  ՀՊՏՀ ռեկտորատի նիստում՝ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ նշվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի նախկին ռեկտոր (1991-1993թթ.) Թորգոմ Նալչաջյանի և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վալերյա Ալեքսանյանի 75-ամյա հոբելյանը:
«Բուհի դասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում են ձեր ծննդյան հոբելյանը, ցանկանում առողջություն, բեղմնավոր աշխատանք: Ես նաև ցանկանում եմ, որ մենք բոլորս գնահատենք Ձեր ներդրումը բուհի կայացման գործում»,- հայտարարեց Կորյուն Աթոյանը՝ հոբելյարներին հանձնելով շնորհավորական ուղերձներ: 

Վալերյա Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորատին, անձամբ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ընդգծելով. «Ես բավական երկար ճանապարհ եմ անցել այս բուհում, այսուհետ ևս կփորձեմ իմ նպաստը բերել մեր համալսարանի զարգացմանը»: Թորգոմ Նալչաջյանն էլ իր հերթին շնորհակալության խոսք ասաց՝ հույս հայտնելով, որ դեռ կշարունակի իր ներդրումն ունենալ համալսարանում:

Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնում ոչ պաշտոնական, այլ առավել տոնական մթնոլորտում նշվեց նաև օտար լեզուների ամբիոնի վաստակաշատ գիտնական մանկավարժ, դոցենտ Ռիմա Ասլանյանի  ծննդյան 70-ամյա հոբելյանը:  «Դուք մեր բուհի նվիրյալներից եք, մարդ ու անհատականություն, ով տարիներ շարունակ  սիրով ու պատասխանատվության զգացումով է կատարում իր գործը: Այսօր, տոնական այս գեղեցիկ առիթով, նորովի արժևորելով և գնահատելով Ձեր կատարած դժվարին, սակայն շնորհակալ աշխատանքը՝ մաղթում ենք, որ  Դուք դեռ երկար տարիներ լինեք երիտասարդների, Ձեր գործընկերների ու մեր կողքին»,-շնորհավորելով հոբելյարին` ասաց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և նրան հանձնեց շնորհավորական ուղերձ:

Ռիմա Ասլանյանին շնորհավորեցին և երկար տարիների ստեղծագործ աշխատանք մաղթեցին ՀՊՏՀ  պրոռեկտորները` Գագիկ Վարդանյանը, Միհրդատ Հարությունյանը և Պարույր Քալանթարյանը:

  «Մեր շատ սիրելի գործընկերը, հարազատն ու բարեկամը ոչ միայն սիրված դասախոս է, այլև  օջախը պահպանող հայուհի, իր զավակներին ու թոռներին  անմնացորդ նվիրված մայր ու տատիկ, հոգատար կին: Նրա կյանքն ու անցած ճանապարհը պայծառ օրինակ ու դաս են շատերի համար»,- հոբելյարի մասին ջերմ խոսքեր ասաց  օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանը:

Համալսարանի արհկոմիտեի անունից հոբելյարին շնորհավորեց օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը:

 Վաստակաշատ դասխոսի անցած ուղին արժևորեցին,  անկեղծ մաղթանքներ ու շնորհավորական խոսքեր ասացին գործընկերները` օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Գալինա Պետրոսյանը, Ջեմմա Մանուկյանը, Նեկտար  Խաչատրյանը, Լուսյա  Տեր-Սարգսյանը, մյուսները :

«Հպարտ եմ, որ աշխատում  եմ այս բուհում. այն ինձ համար դարձել է հարազատ ընտանիքի նման ջերմ ու սիրելի: Այստեղ բոլորս ապրում ենք մեկս մյուսի հոգսերով. երջանկանում  ենք այս համերաշխ ու  մեծ ընտանիքի անդամների հաջողություններով, տխրում, երբ հոգսեր ու դժվարություններ են ծագում: Երախտապարտ ու շնորհակալ եմ բոլորից` ռեկտոր Կորյուն Աթոյանից, իմ գործընկերներից, ուսանողներից, որ այսպես գնահատում են ինձ ու իմ կատարած գործը: Շնորհակալություն նաև բուհում ստեղծված  աշխատանքային մթնոլորտի, ջերմ ու անկեղծ մարդկային հարաբերությունների համար»,- իր խոսքը եզրափակեց հոբելյարը:

Օրվա հերոսները պարգևատրվեցին նաև համալսարանի հուշամեդալով:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին