ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը երեկ «Քվանտ» վարժարանի հյուրն էր
«Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հրավերով ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը երեկ հյուրընկալվել էր նշված վարժարանի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին: Վերջիններիս համար Գագիկ Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ, որով ընդարձակ և աշակերտների համար մատչելի ձևով ներկայացրեց տնտեսագիտություն մասնագիտության նշանակությունը, տնտեսագետ կադրերի դերը երկրի զարգացման գործում` հատկանշելով նրանց նկատմամբ մեծացող պահանջարկը: Այնուհետև պրոռեկտորը ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետները, մասնագիտություններն ու մասնագիտացումները, դրանց առանձնահատկությունները: Գագիկ Վարդանյանը վաղվա դիմորդներին խորհուրդ տվեց և հորդորեց մասնագիտության ընտրությունը կատարելիս լրջորեն խորհել, թե այն որքանով է այն համապատասխանում իրենց նախասիրություններին ու ներաշխարհին, հետագա աշխատանքի մասին իրենց պատկերացումներին:
Նա սիրով պատասխանեց վարժարանի սաներին և ուսուցիչներին հուզող ու հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Գագիկ Վարդանյանը դատարկաձեռն չէր գնացել. վարժարանի սաներին նա նվիրաբերեց իր հեղինակած «Գիտելիքահենք տնտեսություն. հնարավորություններ և մարտահրավերներ» գիրքը, ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ, ՀՊՏՀ-ի մասին պատմող ծալազդեր, որոնք մեր համալսարանն աշակերտների պատկերացումներում առավել առարկայական դարձրին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին