Լեզուն ազգի անվտանգ գոյության հիմնական արժեքն ու գրավականն է. Մարի Զաքարյան

Դիտումների քանակ՝ 2171

ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարի Զաքարյանը փետրվարի 21-ին մասնակցել է Մայրենի լեզվի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրները» խորագրով գիտաժողովին, որը հրավիրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից:
Մարի Զաքարյանը գիտաժողովին ներկայացրել է «Լեզուն որպես հայ էթնիկ ինքնության արդիականացման գործոն» զեկուցումը, որի առաջաբանում մասնավորապես ասված է.
«Լեզուն դարերի հոլովույթում ձևավորված, տարբեր արժեքներ ամբարած համակարգ է, որը կրողին (դիցուք՝ ազգին) հնարավորություն է տալիս անվտանգ կեցություն ապահովել՝ արդիականացնելով սեփական «ես»-ը։ Հայտնի է, որ ինքնությունը արդիականանում է լեզվի միջոցով, հետևաբար լեզուն այն ազգաշինարար, ազգապահպան, ազգակերտիչ կառույցն է, որը հնարավորություն է ընձեռում ժամանակի մարտահրավերներին համահունչ բնականոն արդիականանալ։ Արդի լեզվական բարեփոխման ու նոր արժեքների որդեգրման գործընթացը մարտահրավեր է հայոց լեզվի արդիականացմանը, իսկ այդ գործընթացը դարեր ի վեր իր հիմքում ունեցել է հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը՝ իբրև բազմաչափ, բազմաշերտ և բազմամակարդակ երևույթ։ Մ. Մաշտոցից ծայր առած և 20-րդ դարում արդեն Վ. Տերյանի, Պ. Սևակի կողմից համակարգված հոգևոր Հայաստանի ծրագիրն իր հիմքում ունի նաև լեզվի արդիականացման, ազգաշինության միտում։ Ժամանակակից լեզուն հայ մարդու համար նշանակում է նաև մրցունակ, ճկուն, արդի մարտահրավերներին պատասխանելու ունակ լեզու»։
Պրոֆեսորի համոզմամբ` ազգային ինքնությանն ուղղված մարտահրավերների պայմաններում լեզուն ազգի անվտանգ գոյության հիմնական արժեքն ու գրավականն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին