Պատմվածքի մրցույթն արձագանքի է արժանացել. այն դրական ընթացքի մեջ է

Դիտումների քանակ՝ 864

Հարգելի ընթերցողներ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի հետ համատեղ նախաձեռնել էր պատմվածքի մրցույթ, որն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։ Մրցույթի հայտարարությունից երկու ամսից ավելի է անցել, և այդ ընթացքում մենք ստացել ենք 28 պատմվածքներ, որոնք բոլորը հրապարակել ենք թե՛ ՀՊՏՀ պաշտոնական կայքում, թե՛ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ստացված պատմվածքները տարբեր էին բովանդակությամբ, մատուցմամբ, պատկերային մտածողությամբ, սակայն հիմնականում բավարարում էին առաջադրված պահանջները։ Անկեղծ ասած, մրցույթի կազմկոմիտեի անդամները, ովքեր պատմվածքների առաջին ընթերցողներն են, մի փոքր անհանգստացան պատմվածքներում տիրող թախծոտ, հոգեմաշ, հաճախ նաև ողբերգական շեշտադրումների համար, սակայն փորձեցին ըմբռնել հեղինակների  (մեր համալսարանի ուսանողների, դասախոսների, աշխատակիցների) հոգեվիճակը` բացատրելով այն ոչ առանձնապես արևոտ ու ձգձգվող ձմեռվա առաջացրած տրամադրությամբ։ Սպասում ենք, որ  այս շրջանում պատմվածքների հոսքը առավել կմեծանա (վերջնաժամկետը մարտի 1-ն է), քանի որ նախկին ժամանակահատվածը համընկել էր քննական շրջանի հետ և ենթադրում ենք, որ դա էլ ավելի էր ծանրաբեռնել մեր սիրելի համալսարանականներին:
Մրցույթը դեռ առջևում է, սակայն այսօր արդեն ուրախությամբ, հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր որդեգրած նպատակը, որն էր` խթանել ուսանողության շրջանում ընթերցասիրությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանակներում բացահայտել ստեղծագործական անհատականություններին, ներկայացնել ու խրախուսել նրանց, ինչպես նաև ընդարձակել «Տնտեսագետի» ընթերցողների և հեղինակների շրջանակը, կիսով չափ իրականացած է, և մենք լիահույս ենք, որ առաջիկայում ձեզ առավել լիարժեք պատկեր կներկայացնենք ու առավել ընգծված գոհունակությամբ։
 Կրկին հիշեցնում ենք, որ մրցանակային տեղեր գրաված հեղինակները կարժանանան դրամական մրցանակների (1-ին տեղ` 80. 000 դրամ, 2-րդ տեղ` 65. 00 դրամ, 3-րդ տեղ` 50. 000 դրամ) և հավաստագրերի։ Հաղթողներին կորոշի մրցատյանը` հաշվի առնելով նաև ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում պատմվածքների վերաբերյալ ընթերցողների արձագանքները (like–երը)։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013 թվականի մայիսի սկզբին։ Ներկայացված լավագույն պատմվածքները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում։
Հ.Գ. Նրանց համար, ովքեր նոր են տեղեկանում պատմվածքի մրցույթի մասին, առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին