ՀՊՏՀ-գործատու համագործակցության ևս մեկ օրինակ. այս անգամ «Հայբիզնեսբանկի» հետ

Դիտումների քանակ՝ 1073

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ իրականություն է դարձել ՀՊՏՀ-գործատու համագործակցության հերթական օրինակը. ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում «Հայբիզնեսբանկի» կողմից վերանորոգվել և կահավորվել է մեկ ընդարձակ լսարան, որը երեկվանից իր դռներն է բացել ուսանողների առաջ:
Գործատուների հետ մեր բուհի համագործակցության հերթական օրինակը «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ վավերացվել է անցած տարվա աշնանը ստորագրված փոխըմբռնման հուշագրով, որի շրջանակներում էլ վերանորոգվել է նշված լսարանը: Հուշագիրը նախատեսում է մի շարք նպատակների իրականացում, այդ թվում՝ համալսարանում ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտացումներով մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացում, բանկային համակարգին վերաբերող առարկայական ծրագրերի ու ուսումնական պլանների մշակում, լավագույն ուսանողներին կրթաթոշակների տրամադրում, բանկում նրանց պրակտիկայի կազմակերպում և լավագույն շրջանավարտներին աշխատանքի ընդունում:
Ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով «Հայբիզնեսբանկի» հետ մեր բուհի համագործակցությանը, նշեց, որ այն փոխգործակցության հրաշալի օրինակ է: «Սա գործատուի հետ աշխատելու այնպիսի օրինակ է, երբ մեր խնդիրը դառնում է նաև գործատուի խնդիրը, և, մեծ հաշվով, մենք մեկ միասնական գործ ենք կատարում՝ համակարգն ապահովում ենք բանիմաց կադրերով»,- ասաց դեկան Սուքիասյանը՝ ավելացնելով, որ լսարանի վերանորոգումը ևս արվել է բարձր որակով:
Դեկանը նաև տեղեկացրեց, որ ֆինանսական ֆակուլտետից, ինչպես նաև միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնից բանկին արդեն ներկայացվել է կրթաթոշակի հավակնորդ ուսանողների ցանկը, որոնցից կրթաթոշակ ստացող ուսանողները կընտրվեն հարցազրույցի միջոցով:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն ՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, մի շարք պետական կառույցների հետ բուհ-գործատու համագործակցությանը միտված պայմանագրեր է ստորագրել, որոնց արդյունքում այսօր արդեն բուհում մի շարք մասնագիտությունների գծով մագիստրոսական կրթական ծրագրեր են իրականացվում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին