ՀՊՏՀ ուսանողուհին դարձել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի 33 հաղթողներից մեկը
Հայաստանի Հանրապետության «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող են ճանաչվել տարբեր բուհերում ուսում ստացող 33 ուսանողներ: Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական/ հանրապետական: Ինչպես տեղեկանում ենք «Արմենպրես» լրատվական գործակալությունից, մրցույթն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք-հումանիտար, ստեղծագործական աշխատանք-մշակույթ, արվեստ, ուսանողական ինքնակառավարում և սպորտ:
Այսօր Երևանի պետական համալսարանում ամփոփվել են մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա են գտնվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որոնք էլ ուսանողներին հանձնել են պարգևները: Ուրախությամբ հայտնում ենք, որ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի «Ուսանողական ինքնակառավարում» ոլորտում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ 4-րդ կուրսի ուսանողուհի, ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Շուշան Ալեքսանյանը:
«Չափազանց պատվաբեր և պարտավորեցնող է նման մրցանակի արժանանալը, որը հաջողվեց իմ շատ սիրելի ուսանողական խորհրդի և մեր բուհի ռեկտորատի բարձր աջակցության շնորհիվ: Այս մրցանակը շատ թանկ է, որովհետև այն տրվում է մրցույթի մի քանի փուլերի արդյունքում: Հատկապես հաճելի է, որ մեր կատարած աշխատանքը չի անտեսվում, այլ գնահատվում է ըստ արժանվույն»,- մրցանակը ստանալուց հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին իր տպավորությունները ներկայացրեց Շուշան Ալեքսանյանը:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և ցանկանում հետագա հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին