Դասաժամ` հարազատ լեզվի զարգացման խնդիրների շուրջ
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանն այսօր հերթական դասն էր վարում կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության առաջին կուրսում: «Հռետորական արվեստ» դասընթացի շրջանակներում, Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ` նա իր դասախոսությունը նվիրեց հայերենի զարգացման հիմնախնդրին:
Դասին ներկա էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լրատվության ակումբի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը, ավագ դպրոցի սաներ Ռուզան Ամիրխանյանն ու Իզաբելլա Խանզրատյանը: Նրանց մասնավորապես հետաքրքրում էր Լեզվի պետական տեսչության հիմնադիր պետի (1993-1998 թթ.) կարծիքը դասական ուղղագրության վերականգման առնչությամբ:
Վալերի Միրզոյանը հարցին պատասխանեց` ներկայացնելով հայերենի ուղղագրության փոփոխման պատմական փուլերը: Նա մատնանշեց, որ լինելով դասական ուղղագրության վերականգնման կողմնակից, խնդիրն առավել կարևորում է արևելահայերենի և արևմտահայերենի ուղղագրության միասնականության տեսանկյունից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին