ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը Լոնդոնի գիտությունների և բարձրագույն կրթության միջազգային ակադեմիայի կողմից հավաստագրի է արժանացել
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը Լոնդոնի գիտությունների և բարձրագույն կրթության միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է հավաստագրի: Այն տրվել է 2012թ. հոկտեմբերի 11-16-ը Լոնդոնում տեղի ունեցած «Ազգային և տարածաշրջանային հետազոտական վերլուծաբանների համաշխարհային առաջնություն» ծրագրի շրջանակներում՝ «Տնտեսագիտական և իրավաբանական գիտություններում սոցիալական հմտությունների և օբյեկտիվ իրականության հիմնախնդիրների լուծման ուղիները» թեմայով 34-րդ միջազգային հետազոտական և կիրառական նստաշրջանին մասնակցելու համար:
Առաջնության կազմակերպիչներն են Գիտության և բարձրագույն կրթության միջազգային ակադեմիան (Մեծ Բրիտանիա), Համաուկրաինական ակադեմիական միությունը (Ուկրաինայի), Միջազգային առևտրաարդյունաբերական միությունը (Մեծ Բրիտանիա), Ամերիկյան միջազգային առևտրական արբիտրաժային դատարանը (ԱՄՆ), Հայդեգգերի անվան նախաձեռնությունների գիտական կենտրոնը (Գերմանիա), Բնագիտական հարցերի ուսումնասիրությունների ասոցիացիան (Իսպանիա), Էքզիստենցիալ հոգեբանության փիլիսոփայական բաց միությունը (Ֆրանսիա), Հասարակության կենսագործունեության խնդիրների ինստիտուտը (Իսրայել), Մարշալի տնտեսագիտական վերլուծության ինստիտուտը (ԱՄՆ) և «Rurels» ձեռնարկության վենչուրային տեխնոլոգիաների վարչությունը (Շվեդիա):
Ծրագրի ավարտին լույս է տեսել գիտագործնական համաժողովի նյութերի ժողովածու, որտեղ ընդգրկվել է Գագիկ Վարդանյանի «Ազգային նորաստեղծական արդյունավետ համակարգը՝ որպես գիտելիքահենք տնտեսության ձևավորման նախադրյալ» հոդվածը: Այսօր հավաստագիրն ու ամսագրից մեկ օրինակ հանձնվել է պրոռեկտորին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին