Մեր ուսանողներն այցելել են Գավառի մանկատուն

Դիտումների քանակ՝ 1668

Կիրակի օրը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեր բուհի ուսանողներն այցելել են Գավառի մանկատուն: Երեխաներին ողջունել է ՀՊՏՀ ուսխորհրդի փոխնախագահ Սերգեյ Խառատյանը՝ նշելով, որ այցի նպատակը մանկատան սաներին իրենց աջակցությունը բերելն է: «Կարևոր է, որ այսօր փորձենք թեթևացնել մանուկների հոգսերը, որպեսզի նրանք մի պահ մոռանան իրենց ներկա խնդիրները և փորձեն կառուցել պայծառ ապագա իրենց համար»,- նշել է նա:
Ինչպես տեղեկանում ենք ՀՊՏՀ ՈՒԽ-ից, այցն ուղեկցվել է մանկատան սաների և ուսանողների ջերմ ու անմիջական շփմամբ: Մեր բուհի շնորհալի ուսանողները մանկատան երեխաների հետ հանդես են եկել երաժշտական և պարային համարներով, իսկ տղաները համատեղ ֆուտբոլային խաղ են անցկացրել: Մեր ուսանողները, ինչպես միշտ, մանկատան երեխաներին են այցելել անակնկալներով՝ նրանց նվիրելով խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, խնամքի և հիգիենայի պարագաներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին