Բարեմաղթանքներ և վաստակի գնահատում. ՀՊՏՀ-ում շնորհավորեցին պրոֆեսոր Աղասի Սարգսյանին
ՀՊՏՀ այսօրվա ռեկտորատը սկսվեց ուրախ առիթով. ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, արհկոմիտեի, ուսանողների անունից շնորհավորեց գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր, այժմ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի պրոֆեսոր Աղասի Սարգսյանին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
«Դուք լուրջ ճանապարհ եք անցել և՛ անձնական կյանքում, և՛ մեր բուհի կայացման ճանապարհին: Դուք վաստակաշատ գիտնական եք, պրոֆեսիոնալ մանկավարժ: Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանում առողջություն, հաջողություն և որ միշտ մնաք մեզ խորհրդատու»,- ասաց Կորյուն Աթոյանը:
Հոբելյարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ջերմ խոսքեր հղեցին նաև գործընկերները: ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանն ընդգծեց, որ Աղասի Սարգսյանը միշտ էլ բարեխղճորեն է կատարել իր պարտականությունները թե՛ ուսանողների, թե՛ գործընկերների առաջ: Նա նաև նշեց հոբելյարի վաստակը գիտության բնագավառում՝ շեշտելով, որ Աղասի Սարգսյանի գիտական աշխատանքները գնահատելի են: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանն էլ հիշեց գործընկերոջ հետ համատեղ աշխատանքային տարիները ՝ դրանք բնութագրելով որպես համերաշխ աշխատանքի տարիներ: Համաձայնելով ռեկտոր Կորյուն Աթոյանի հնչեցրած գնահատանքի խոսքերին՝Միհրդատ Հարությունյանը ևս շնորհավորեց հոբելյարին:
Շնորհավորանքները եզրափակեց հոբելյարը՝ շնորհակալություն հայտնելով իր ճակատագրին, ընկերներին, իր դասախոսներին, որոնց շնորհիվ ինքը հասել է նման հաջողությունների: Աղասի Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բուհի կոլեկտիվին, որոնց հետ համատեղ կարողացել է անշահախնդրորեն կատարել իր վրա դրված պարտականությունները կրթության և գիտության բնագավառներում: «Ես շնորհակալ եմ նաև այսօրվա կոլեկտիվից, ռեկտորատից, ռեկտոր Կորյուն Աթոյանից, որը կարողացավ գնահատել իմ կատարած աշխատանքը, ինչն ինձ ավելի է պարտավորեցնում միշտ օգտակար լինել մեր համալսարանին»,-ընդգծեց հոբելյարը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին