Նոր մոտեցում՝ ամբիոնային աշխատանքներին

Դիտումների քանակ՝ 893

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում այսօր ամփոփվեցին հունվարի 14-ին դասախոսների և աշխատակիցների համար սկիզբ առած սեմինար դասընթացների արդյունքները: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վերջին` «Ֆիզդաստիարակության ուսումնական պարապմունքների կազմակերպման առանձնահատկությունները» թեմայով եզրափակիչ սեմինար դասընթացը տեղի էր ունեցել հունվարի 24-ին և այն վարել է վերնշյալ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը:
«Սեմինար դասընթացները բաղկացած էին տեսական ու գործնական մասից: Առաջինի ընթացքում ամբիոնի դասախոսները, ըստ իրենց մասնագիտացման ոլորտի, վարեցին տեսական դասընթացներ` ներառելով առանձին թեմաների շուրջ նորություններ, նորարարություններ, դասավանդման մեթոդական նոր մոտեցումներ: Երկրորդի ընթացքում մարզադահլիճում անցկացվեցին գործնական դասեր, որոնք մեկնարկեցին շարային վարժություններով»,-ամփոփելով սեմինար դասընթացների արդյունքները` ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը նշեց, որ դրանք նոր որակ հաղորդեցին ամբիոնում կատարվող աշխատանքներին: Նրա խոսքով`սեմինար դասընթացներին դասախոսները մասնակցեցին մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ: Այս առնչությամբ Սիմոն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ինչպես նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին` մասնակցության և լուսաբանման համար:
Պրոֆեսորը նշեց նաև, որ այս սեմինարների միջոցով դասախոսները ոչ միայն իրազեկվեցին մարզաշխարհի նորություններին, մարզաձևերում տեղ գտած փոփոխություններին ու զարգացումներին, այլև նախանշեցին այն ուղիները, նորարարական այն եղանակները, որոնք ֆիզդաստիարակության ուսումնական պարապմունքները կդարձնեն ավելի գրավիչ: Սիմոն Հակոբյանն ուշադրություն հրավիրեց նաև սեմինար դասընթացներում տեղ գտած թերությունների ու բացթողումների վրա` նշելով հետագայում դրանք բացառելու անհրաժեշտության մասին: Նա տեղեկացրեց, որ այսուհետ ևս նմանատիպ սեմինարները կշարունակվեն, և դասախոսները կներկայացնեն իրենց մարզաձևերի դասավանդման մարտավարությունն ու տակտիկական քայլերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին