ՀՊՏՀ գիտության բաժնի պետը` միջազգային գիտական համաժողովում
ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը օրերս է վերադարձել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից, որտեղ գտնվում էր գիտական համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նա, բացի այս գիտական համաժողովին մասնակցելու հրավերը, միաժամանակ ստացել էր պաշտոնական առաջարկ` անդամակցելու «INTERNATIONAL JOURNAL OF ACCOUNTING , MANAGEMENT AND ECONOMY SCHOLARS» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդին, քանի որ հաղթող էր ճանաչվել և հրատարակության էր երաշխավորվել նրա` «ՀՀ բանկային համակարգի գործունեության կարգավորման հիմնական գործիքները և զարգացման հեռանկարները» («Activity of Banking System and Feature of Their Application in Commercial Banks of Armenia») խորագրով գիտական հոդվածը:
Հիմա տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանը վերադարձել է հաջողություններով և ձեռքբերումներով: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին գիտության բաժնի պետը տեղեկացրեց, որ Կուալա Լումպուրի Նոթինգեմի միջազգային համալսարանում գտնվում էր 2013 թ. հունվարի 8-12-ը:
«Մենեջմենթի, սոցիալական գիտությունների և արդյունաբերական ինժեներիայի 3-րդ միջազգային այս համաժողովն ընդգրկում էր մեծ աշխարհագրություն. մասնակիցներ կային ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և գրեթե բոլոր ասիական երկրներից: Աշխատանքներն ընթացան 6 մասնագիտական բաժանմունքներում: Ես պատիվ ունեցա լիագումար նիստում հանդես գալ «ՀՀ բանկային համակարգի գործունեության կարգավորման հիմնական գործիքները և զարգացման հեռանկարները» զեկուցմամբ և ղեկավարել տնտեսագիտության բաժանմունքը, որտեղ ընթերցվեց 18 զեկուցում, այդ թվում ես ներկայացրեցի «Բանկային համակարգի իրացվելիության կառավարման արդի հիմնախնդիրները հետճգնաժամային ժամանակաշրջանում» թեմայով զեկուցումս»,- մեզ հետ զրույցում ասաց Խորեն Մխիթարյանը:
Հարցազրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ գիտության բաժնի պետի համար այս այցելությունը նշանավորվել է ոչ միայն ակտիվ մասնակցությամբ, այլև բարձր գնահատականներով և մրցանակներով: Խորեն Մխիթարյանը համաժողովի ամփոփման արդյունքներով 3 առանձին մրցանակների է արժանացել լիագումար նիստի լավագույն զեկուցման, բաժանմունքի լավագույն նախագահողի և բաժանմունքի լավագույն ելույթի համար. ինչի առիթով շնորհավորում և նորանոր հաջողություն ենք մաղթում մեր գործընկերոջը:
Տեղեկացանք նաև, որ համաժողովի աշխատանքների ավարտից հետո նա մասնակցել է Նոթինգեմի միջազգային համալսարանի «INTERNATIONAL JOURNAL OF ACCOUNTING , MANAGEMENT AND ECONOMY SCHOLARS» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ամսագրի հետագա զարգացման ծրագրերը, մասնավորապես, տպագրման ներկայացվող հոդվածների գնահատման չափանիշներն ու վարկանիշային մոտեցման կիրառման հարցը: Մեր գործընկերոջ երկու հոդվածները զետեղվել են ինչպես այս ամսագրում, այնպես էլ համաժողովի նյութերի ժողովածուում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին