Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարը

Դիտումների քանակ՝ 967

Լույս է տեսել «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի հերթական համարը`բազմախորագիր և բազմաբովանդակ: Հրապարակված գիտական հոդվածներում բարձրացվում են տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ ու հիմնահարցեր: «Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես է գալիս Արզուման Հակոբյանը` «Տնտեսագիտական հետազոտություններում բնագիտական սկզբունքների կիրառելիության հարցի շուրջ» հրապարակմամբ: Ատոմ Մարգարյանի և Սերգեյ Սոլոդովնիկովի «Տեխնոլոգիական արդիականացմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ինստիտուցիոնալ հիմնախնդիրները» վերնագրով հոդվածը ներկայացված է «Նորամուծական քաղաքականություն» խորագրով: Տարածաշրջանային զարգացումներին են անդրադառնում Աշոտ Մարկոսյանը և Բորիս Ավագյանը («Ծովային ելք ունենալու պետության իրավունքը»): Կառավարման ոլորտին առնչվող հարցեր են բարձրացնում Վահրամ Տեր-Բալյանը («Պետական մարմնի աշխատակազմի արդյունավետության հարցի շուրջ») և Վալերի Միրզոյանը («Վիճարվեստ. էությունը և մի քանի սկզբունք»): Բանկային գործի հիմնախնդիրներին են անդրադառնում Արամ Առաքելյանը և Գայանե Բարսեղյանը («Օպտիմալ արժութային պորտֆելի ընտրություն: Մոդելի գնահատումը ՀՀ օրինակով»): Հաշվապահական հաշվառման և աուդիտի հարցերն է արծարծում Գյուլլո Արաբյանը («Ֆինանսական վերահսկողության գործառույթների բարելավման ուղիները հանրային հատվածում»): Մաթեմատիկական մեթոդներին է անդրադառնում Արմեն Ղազարյանը («ՀՀ բանկային համակարգի ֆինանսական անվտանգության գնահատման վիճակագրական մոդելը «ՔԱՄԵԼՍ» համակարգի հիման վրա»): «Ցանցային տնտեսություն» խորագրի ներքո հանդես են գալիս Հայկ Մինասյանը («Տնտեսավարող սուբյեկտների վարքագծային սկզբունքները ցանցային տնտեսությունում») և Խաչատուր Նազարեթյանը («Ժամանակակից ցանցային տնտեսությունը և դրա հիմնախնդիրները»): Բնօգտագործման տնտեսագիտության հիմնահարցերն է վերլուծում Լուսինե Մխիթարյանը («Թեղուտի հանքավայրի շահագործման բնապահպանական միջոցառումների համակարգը»): Զբոսաշրջության ոլորտին է նվիրված Նարինե Էլիզբարյանի` «ՀՀ մրցունակությունը համաշխարհային զբոսաշրջության շուկայում» հրապարակումը: Մարքեթինգի ոլորտին է անդրադառնում Տատյանա Ցելիխը («Մարքեթինգային գործընթացը որպես տեղային տնտեսական համակարգի մարքեթինգային ներուժի բաղադրատարր»): Գիտական խոսք են մատուցում «Փիլիսոփայություն», «Մեթոդաբանություն» խորագրերը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին