Ուսումնական գործընթացի վերաբերյալ հարցեր՝ ռեկտորատի նիստում
ՀՊՏՀ այսօր կայացած ռեկտորատի նիստը սկսվեց հաճելի արարողությամբ. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հայտնեց, որ ՀՊՏՀ ուսխորհուրդը Հայկյան մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին: Ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը ռեկտոր Կորյուն Աթոյանին հանձնեց պատվոգիրն ու հուշանվերը՝ բուհի թանգարանում տեղադրելու նպատակով:
Քննաշրջանն ընթանում է սահմանված գրաֆիկին և ժամանակացույցին համապատասխան, առանց արտառոց միջադեպերի: Ռեկտորատի նիստում քննաշրջանի ընթացքի մասին այսպես զեկուցեցին ՀՊՏՀ դեկանները, իսկ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, վերահաստատելով ասվածը, ուշադրություն հրավիրեց մի քանի կազմակերպական խնդիրների վրա: Միաժամանակ նա նշեց, որ կարգավորվել է նաև հունվարի 8-11-ը եղանակային պայմանների պատճառով քննություններին չներկայացած ուսանողների քննությունները հանձնելու հարցը, հստակեցվել է կարգը և ժամանակացույցը: «Այսինքն՝ նախարարի հանձնարարականը կկատարվի»,- նշեց պրոռեկտորը:
Այս հարցին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անդրադարձել է, հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.asue.am/am/էջեր-220//որոշվել-է-հպտհ-մարզաբնակ-ուսանողների-քննությունների-կազմակերպման-կարգը-և-ժամանակացույցը-708:
Լուծարքների անցկացման մասին զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը: Լուծարքների ժամանակացույցին և գրաֆիկին կարող եք ծանոթանալ ուսումնակազմակերպական բաժնի կողմից տրամադրված հետևյալ քաղվածքից՝ http://media.asue.am/upload/qaxvacq.pdf:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց օտարերկրյա ոչ սփյուռքահայ ուսանողների վարձավճարի մասին, քննարկեցին այլ հարցեր ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին