ՀՊՏՀ ուսխորհուրդը` լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին. կայացել է Հայկյան մրցանակաբաշխությունը
Հարգելի այցելուներ, սիրելի ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ Երգի պետական թատրոնում կայացել է Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մեր բուհի ուսանողական խորհուրդը հաղթող է ճանաչվել սահմանված 12 անվանակարգերից «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից, մրցանակաբաշխությանը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնադրամի կողմից սահմանված Հայկյան մրցանակներ են ստացել 2012 թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ, ծրագրային բովանդակությամբ և ծրագրերի քանակով:
Հայկյան մրցանակները տրվել են հետևյալ անվանակարգերում. «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակագում՝ Արմեն Սարգսյանը։ «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգում առաջինը ԵՃՇՊՀ ուսանողական խորհրդի կողմից իրականացված սոցիալապես անապահով ուսանողներին սննդով աջակցման ծրագիրն է: «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» է ճանաչվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ն: «Լավագույն միջբուհական ծրագիրը» ԵՊԼՀ ուսխորհրդի կողմից իրականացվող «Դասավանդում են բրյուսովսիները» նախաձեռնությունն է։ «Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում» անվանակարգում մրցանակի է արժանացել ԱՐՄԱԿԱԴ-ը։ Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում» անվանակարգը շնորհվել է «Դավիթբեկյան ուխտեր» ԵՀԿ-ին։ Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիրը «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները» ծրագիրն է եղել:
Չորս հատուկ մրցանակներ հանձնել է անձամբ ՀՀ Նախագահը: Հանրապետության ղեկավարից իրենց մրցանակներն են ստացել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ «Երիտասարդության շրջանում մշակութային արժեքների լավագույնս ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում, Արարատյան Հայրապետական Թեմի «ԱՐԱՐԱՏ» հոգևոր միությունը՝ «Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» անվանակարգում և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ «Հայաստանի Հանրապետությունում ուսանողական շարժման կազմավորման ակունքներում կանգնած կառույց» անվանակարգում:
Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և կարևորել այս նախաձեռնությունը՝ մաղթելով հետագա հաջողություններ: Հանրապետության ղեկավարը երիտասարդներին հորդորել է արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, ակտիվ կենսակերպ վարել և իրենց գործունեությամբ փորձել հնարավորինս օգտակար լինել մեր հասարակությանն ու պետությանը:
ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին լուրը հայտնելուց հետո նշեց, որ այս մրցանակաբաշխությունը տարիներ շարունակ մեծ հեղինակություն է վայելում երիտասարդության շրջանում, իսկ մեր բուհի ուսանողական խորհուրդն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթում է հիշյալ անվանակարգում:
«Սա, կարծում եմ, լավագույն գնահատականն է մեր ուսանողների ակտիվության և հասարակական աշխատանքի: Միևնույն ժամանակ, չափազանց պարտավորեցնող է, քանի որ ավելի հեշտ է հասնել հաջողության, քան տարիներ շարունակ պահել այդ հաջողությունները և շարժվել առաջ: Վստահաբար նշում եմ, որ այս կարևոր հաղթանակում բուհի յուրաքանչյուր ուսանող ուղղակի և անուղղակի ձևով ունի իր ներդրումը: Ես` որպես ուսանողական խորհրդի նախագահ, պարզապես հպարտանում եմ մեր ուսանողներով»,- նշեց ՈՒԽ նախագահը:
Այս առիթով շնորհավորում ենք մեր ուսանողական խորհրդին, բոլոր ուսանողներին և բուհի ղեկավարությանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հ. Գ. Լուսանկարը` «Արմենպրես» լրատվական գործակալության: