1 տարի առաջ այս օրը բացվեց ՀՊՏՀ պաշտոնական կայքը (asue.am)

Դիտումների քանակ՝ 1016

Մեկ տարի առաջ` դեկտեմբերի 27-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) բացում-շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը:
Շնորհանդեսով ազդարարվող նոր կայքի գոյության փաստը, իրոք, բեկումնային փուլ դարձավ տնտեսագիտական մայր բուհի կյանքում` ՀՊՏՀ նոր կերպարի ձևավորման գործում դառնալով առանցքային գործոն ու անփոխարինելի գործիք: Կայքի հեղինակները ներդրել էին բոլոր հնարավոր ստեղծագործական ու տեխնիկական ջանքերը` ՀՊՏՀ կայքը հանրությանը գրավիչ դիզայնով, ծրագրային հետաքրքիր լուծումներով, բազմաբովանդակ էջերով և խորագրերով ներկայացնելու համար: 
Մեկ տարի անց կարելի է փաստել, որ ՀՊՏՀ կայքի ստեղծումից ու գործարկումից ի վեր` կայքի սպասարկումը` լրատվության ապահովումը, հարստացումը, նյութերի բեռնումը, շարունակ իրականացվում է աշխատանքային մեծ եռանդով ու նվիրվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով: Արդյունքը` այցելուների մեծ լսարանի համար այսօր նրա պահանջված ու սպասված լինելն է: Այս մասին է վկայում վարկանիշային circle.am կայքում asue.am-ի` բարձր դիրքեր պահպանելու փաստը։ 
Կայքի սպասարկումն իրականացնող լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է բուհի պաշտոնական կայքի տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր շարունակում են ավանդ ունենալ դրա զարգացման ու կատարելագործման մեջ ու նաև բոլոր-բոլոր այցելուներին: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ առաջիկայում ականատեսը կլինեն կայքի զարգացմանը միտված նոր նախագծերի։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին