Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Դիտումների քանակ՝ 955

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում  ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թ. ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2013 թվականի բյուջեի հիմնական ցուցանիշները» զեկուցմամբ։

Մինչ հաշվետվության հիմնական ուղղություններին անդրադառնալը` ռեկտորը տեղեկացրեց, որ 2012 թվականին համալսարանում կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ գրեթե բոլոր ուղղություններով և հաշվետվությունն անդրադառնալու է հաշվետու տարվա ձեռքբերումներին՝ միաժամանակ ներկայացնելով առկա թերությունների անաչառ վերլուծությունը։

Ռեկտորը թվերի և փաստերի լեզվով արտացոլեց անցնող տարվա բուհի ընդունելության և թողարկման պատկերը, խոսեց ուսումնական գործընթացի ներկա իրավիճակի և արդիականացման ու կատարելագործման ուղղությունների մասին: Նա հատկանշեց, որ կրթության որակի բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման, ներհանրապետական և արտաքին կապերի ընդլայնման և խորացման ռազմավարությունը շարունակում է լինել բուհի  գերխնդիրը: Մասնավորապես նշվեց, որ բուհում որակի մշակույթի ստեղծումը պետք է խարսխվի ինքնավերլուծության վրա և չկրի ձևական բնույթ:

Հաշվետվության առանցքում խորությամբ դիտարկվեց նաև բուհի միջազգայնացման գործընթացը` հատկապես միջազգային ծրագրերին մասնակցության առումով հիշատակելով այն աննախադեպ հաջողությունը, որ ՀՊՏՀ-ն, Tempus ծրագրի շրջանակներում, առաջին անգամ հայաստանյան իրականության մեջ ղեկավարելու է միջազգային կրթական ծրագիր։

Կորյուն Աթոյանն արձանագրեց նաև այն փաստը, որ  2012 թվականին ՀՊՏՀ-ն  ՀՀ ԿԳ նախարարության կողմից ստացել է օտար լեզվով օտարերկրյա քաղաքացիների ուսուցում կազմակերպելու թույլտվություն և արդեն սկիզբ դրել գործընթացին. այժմ մեր բուհում սովորում են արտասահմանցի ուսանողներ։

Շեշտադրելով ու կարևորելով ՀՊՏՀ-ում գիտահետազոտական աշխատանքների կատարումն ու բուհը հետազոտական համալսարան դարձնելու հետևողականությունը` ռեկտորը նշեց, որ բուհում ստեղծվելու է գիտահետազոտական կենտրոն։  Զուգահեռվեց նաև այն փաստը, որ  բուհում հայտարարվել է ներհամալսարանական գիտական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման դրամաշնորհների մրցույթ, որը կֆինանսավորվի 2013 թ. հունվարից: Կորյուն Աթոյանն  արձանագրեց, որ այս տարի գիտական կյանքն արժևորվել է գիտական 22–րդ նստաշրջանով, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկրի ֆինանսատնտեսական ոլորտների պաշտոնյաներ:

Հաջորդիվ ռեկտորն անդրադարձավ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ծավալած գործունեությանը, ուսանողների փորձառության կազմակերպմանը, շարունակական կրթության համակարգի կայացմանն ու զարգացմանը, ուսանողական խորհրդի ձեռքբերումներին, համալսարանում իրականացված հիմնանորոգման ու մասնակի նորոգման աշխատանքներին, ինչպես նաև այլ ուղղությունների` բոլոր հիմնախնդիրները դիտարկելով թերությունները շտկելու և առաջխաղացում արձանագրելու տրամադրվածությամբ:

 Այնուհետև ռեկտորը ներկայացրեց 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները և պատասխանեց կոլեկտիվի անդամներին հետաքրքրող հարցերին:

 Եզրափակելով  ելույթը` ռեկտորը շնորհավորեց համալսարանի կոլեկտիվի բոլոր անդամների Նոր տարին և Սուրբ ծննդյան տոները՝ բարեմաղթելով, որ գալիքը լինի բարօրության, հաջողության ու առաջընթացի տարի։

Ռեկտորի ընդարձակ ելույթին հաջորդեցին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանի, մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանի, ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի հակիրճ ելույթները, որոնք գոհունակություն արտահայտեցին ռեկտորի ներկայացրած համապարփակ հաշվետվության վերաբերյալ, դրական գնահատեցին անցնող տարվա կատարած աշխատանքը՝ արձանագրելով մեր սիրելի բուհի հեղինակության բարձրացումը:

Գիտական խորհուրդը միաձայն հավանություն տվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը և 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին և հանձնարարեց ռեկտորատին այն ներկայացնել ՀՊՏՀ խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:

 ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդալյնված նիստին հաջորդեց գիտական խորհրդի նիստը` միայն գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ կատարվող գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների մասին զեկուցումներ ներկայացրեցին կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Յուրի Սուվարյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը:

Գիտական խորհուրդը այս տարվա աշխատանքը համարեց կատարված և երաշխավորեց դրանց հետագա ընթացքը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին