Որակյալ մասնագետների թողարկումը ժամանակի հրամայականն է. զրույց Միքայել Թավադյանի հետ
«Ինձ համար մեծ երջանկություն է, երբ ֆակուլտետի ուսանողները, մասնակցելով հանրապետական, միջազգային տարբեր գիտաժողովների, բարձր են պահում ինչպես ՀՊՏՀ-ի, այնպես էլ ֆակուլտետի պատիվը», - լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը և հորդորեց ուսանողներին ակտիվորեն մասնակցել նմանատիպ միջոցառումներին: Վերջինիս խոսքով` դեռևս քիչ են այն ուսանողները, ովքեր մասնակցում են գիտական կյանքին, ուստի կցանկանար, որ 2013-ին ֆակուլտետի ուսանողությունը գիտակցի, որ այս կերպ կարող է ինքնադրսևորվել, ինքնուրույն հետազոտություններ կատարելու ունակություն և հմտություն զարգացնել:
«Մեր բուհում իրականացվող աշխատանքների ուղղությունները ընդգրկուն են. կրթության որակի բարձրացում, թողարկվող մասնագետների` գործատուների պահանջներին համապատասխանեցում, գիտահետազոտական աշխատանքների կատարում, գիտական դրամաշնորհային ծրագրերին մասնակցություն»,-կարևորելով այս ուղղություններով բուհում կատարվող բարեփոխումները` ֆակուլտետի դեկանը կոչ հղեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակիցներին, որպեսզի համախմբված ու նվիրված աշխատանքով նպաստեն բուհի առջև դրված բոլոր ծրագրերի ու նպատակների իրականցմանը: Միքայել Թավադյանի խոսքով` ժամանակի մարտահրավերներին դիմակայելու, կրթության առաջադրած նոր պահանջներին համապատասխանելու, կրթական դաշտի թելադրած մրցակցությանը դիմանալու միակ ուղին որակյալ, գործատուների պահանջներին համապատասխան մասնագետների թողարկումն է, և այս ճանապարհին հաղթական քայլելու համար անհրաժեշտ է, որ բոլորն աշխատեն նվիրված և իրենց գործի կարևորության գիտակցումով:
Մեր զրույցի ավարտին Միքայել Թավադյանը շնորհավորեց ֆակուլտետի ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի Ամանորը` մաղթելով, որ 2013-ը դառնա հաղթանակների տարի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին