ՀՊՏՀ ուսանողին շնորհվել է սպորտի վարպետի կոչում
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առկա ուսուցմամբ բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, Հայաստանի վոլեյբոլի հավաքականի, «ՖԻՄԱ» վոլեյբոլի թիմի և ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականի անդամ Արամ Մելքոնյանն արժանացել է սպորտի վարպետի կոչման: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը: Այս ուրախալի առիթով մեզ հետ զրույցում Արամ Մելքոնյանը նշեց, որ սպորտի վարպետի վկայականն այսօր իրեն է հանձնել, մարզական նվաճումներ ու հաղթանակներ է մաղթել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Վոլեյբոլն իմ կյանքի անբաժան մասն է դարձել: Սովորելուն զուգահեռ լրջորեն զբաղվում եմ սպորտով: Ամենօրյա մարզումներն ինձ դրական լիցքեր են հաղորդում, օգնում, որ լինեմ առույգ, լավատես, ինքնավստահ ու նպատակասլաց»,- ասաց Արամը և ավելացրեց, որ այս կոչումը չորս տարվա պրոֆեսիոնալ մարզական գործունեության արդյունք է: Մարզիկը նշեց, որ սպորտի վարպետի կոչումը շատ պարտավորեցնող է, և այսուհետ ևս պիտի լավ մարզվի և արդարացնի բոլորի սպասումները:
Արամը Վանաձորից է: Վոլեյբոլով սկսել է զբաղվել 14 տարեկանից` մարզվելով ծննդավայրի թիվ 11 միջնակարգ դպրոցում: Այսօր նա մարզումները շարունակում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «ՖԻՄԱ» ակումբի թիմում, որը Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի անդամ է: Արամ Մելքոնյանը բազմիցս բարձր է պահել նաև ՀՊՏՀ մարզական պատիվը` գլխավորելով վոլեյբոլի հավաքականը միջբուհական տարբեր մրցաշարերում:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է Արամ Մելքոնյանին և մաղթում նորանոր նվաճումներ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Արամ Մելքոնյանն ընդգրկվել է նաև ՀՊՏՀ 2012 թվականի 10 լավագույն մարզիկների շարքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին