ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդունել է ուսանողական խորհրդի նոր կազմին

Դիտումների քանակ՝ 1992

Մեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը երեկ ընդունել է ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին և ՈւԽ նախագահության անդամներին՝ ուսանողական կառույցի նոր կազմին ծանոթանալու նպատակով: ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը մեզ հայտնեց, որ ուսանողական խորհրդի նախագահության կազմն ամբողջությամբ փոխվել է և հանդիպումն, ըստ էության, ճանաչողական բնույթ ուներ: ՈՒԽ ներկայացուցիչները բուհի ռեկտորին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերն ու անելիքները, այնուհետև առաջարկել մինչև այս կիսամյակի վերջ հանդես գալ կրթական, ուսումնական խնդիրների վերաբերյալ ուսանողների համահավաք առաջարկներով:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը խնդիրների լուծման տեսանկյունից կարևորել է բուհի ղեկավարության և ՈւԽ-ի համագործակցությունը, նշել, որ ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում ուսանողը պետք է գլխավոր շահառուներից լինի: Ռեկտորի համոզմամբ, կրթության որակի բարձրացումը, որը հռչակված է գործունեության գլխավոր ուղղություն, այնքան էլ հեշտ գործ չէ, և կարևոր է ուսանողների կառուցողական ներգրավվածությունն այդ գործընթացում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուսանողներին հուզող հարցերը քննարկելու նպատակով առաջիկա օրերին  կազմակերպել ռեկտոր Կորյուն Աթոյանի և առաջին կուրսեցիների ավանդական հանդիպումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին