Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնը հանդես եկավ հերթական սեմինարով
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և մի խումբ ուսանողների այսօր նիստերի սրահում մեկտեղել էր փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի հերթական գիտական սեմինարը: Ներկաների ուշադրությանը ներկայացվեց 2 զեկուցում. «Թուրք-պարսկական պատերազմը 1821-1823թթ. և հայերը» թեման ներկայացրեց պ.գ.թ., դոցենտ Լեռնիկ Մկրտումյանը, «Ագրարային վերափոխումները Խորհրդային Հայաստանում 1920-1940 թթ.» թեման՝ պ.գ.թ., դոցենտ Բաղդասար Թևոսյանը:
Մասնակիցներին ողջունեց Գագիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ առհասարակ, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի սեմինարները հետաքրքիր թեմաների շուրջ են: Բանախոսներին ներկայացրեց ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը:
Լեռնիկ Մկրտումյանն իր ելույթում անդրադարձավ Թուրք-պարսկական պատերազմի պատճառներին, Ռուսաստանի և Անգլիայի դերակատարմանը, պատերազմի վերաբերյալ հայ պատմիչների անդրադարձներին, օսմանահպատակ արևմտահայերի կորուստներին:
Բաղդասար Թևոսյանը զեկուցման մեջ կանգ առավ Խորհրդային իշխանության օրոք իրականացված ագրարային քաղաքականության վրա՝ մանրամասն անդրադառնալով հողերի պետականացման, հողաբաժանման, կուլակության, բռնի կոլեկտիվացման երևույթներին ու Հայաստանում դրանց հետևանքներին: Բանախոսության ավարտին, վերադառնալով մերօրյա իրականություն, դոցենտը մտահոգություն հայտնեց ՀՀ մարզերում վարելահողերի վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ ոչ գյուղամերձ տարածքները հիմնականում անմշակ են:
Ակտիվ հարցուպատասխանը ձևավորեց քննարկում, հնչեցին դիտարկումներ ու նկատառումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին