Կյանքի 7000 մղոնանոց ճանապարհը սկսվում է հենց այս համալսարանից, այս ֆակուլտետից. դեկան Սերգեյ Սուքիասյանի համոզմունքը
«Ուսանողները պետք է հասկանան, որ գիտելիքն է այն միակ գրավականը, որը կօգնի կյանքում արժանի տեղ զբաղեցնելու: Ուստի ուզում եմ, որ 2013 թվականին արմատական փոփոխություն տեղի ունենա առաջին հերթին ուսանողների մտածելակերպում, և վերջիններս հասկանան, որ կյանքի 7000 մղոնանոց ճանապարհը սկսվում է հենց այս համալսարանից, այս ֆակուլտետից»,- ֆակուլտետի ապագան, նրա առաջընթացը ուսման առաջադիմությամբ պայմանավորելով`ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը: Վերջինիս դիտարկմամբ` գալիք տարում ֆակուլտետի հետ կապված իր ծրագրերն ու նպատակները իրականացած կհամարի, եթե այստեղ սովորողների մեջ ավելի շատանան գիտելիքի արժեքն իմացող ուսանողները: Ֆակուլտետի ղեկավարը, բարձր գնահատելով խելացի, սովորելու ցանկություն ունեցող ուսանողներին, նշեց, որ շարունակելու է օգնել ու աջակցել նրանց, լինել նրանց կողքին ցանկացած հարցում:
«Մեր գիտնական մանկավարժները պատասխանատվության զգացումով ու նվիրումով են դասավանդում ֆակուլտետի առաջին կուրսերում: Մեր առաջին կուրսեցիները թեև ընդամենը մեկ կիսամյակ է, ինչ սովորում են բուհում, բայց արդեն հասկանում են, որ կյանքի արագընթաց փոփոխություններին համապատասխանելու լավագույն ճանապարհը սովորելն է»,-նշեց ֆակուլտետի ղեկավարը։
«2013 թվականին պետք է կարողանանք մեր նվիրված աշխատանքով նպաստել մեր հանրապետության համար շատ կարևոր` բարձորակ տնտեսագետ մասնագետների պատրաստման գործին: Համոզված եմ նաև, որ մեր միասնականության և համախմբվածության դեպքում կարձանագրվեն հետագա հաջողություններ ու առաջընթաց»,- մեր զրույցի ավարտին ասաց Սերգեյ Սուքիասյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին