Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի նոյեմբեր-դեկտեմբերյան համարը

Դիտումների քանակ՝ 1033

«Տնտեսագետ» ամսագրի սիրելի ընթերցողներ, այսօրվանից կարող եք ընթերցել ամսագրի նոյեմբեր-դեկտեմբերյան համարը: Տարեվերջյան «Տնտեսագետը» տոնական է երկու իմաստով: Այն նվիրված է ամսագրի 35-ամյա հոբելյանին, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջին տարեդարձին և, իհարկե, բոլորիս սիրելի Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին: Շապիկի երկրորդ էջին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ամանորյա ուղերձն է:
Ընդարձակ անդրադարձ կատարելով տոներին, այդուհանդերձ, աշխատել ենք ամսագիրը չզրկել բազմազանությունից և զետեղել ենք ոչ միայն հիմնական խորագրային նյութեր, իրադարձային լուսաբանումներ, այլև արտացոլել ենք նոր մտահղացումներ` մասնավորապես` սկիզբ դնելով նոր «Վարքուբարք» խորագրին: Օգտվելով առիթից` նշենք, որ այն բաց է և թղթակցել կարող են բոլոր ցանկացողները:
Բարեկամներ, ձգտելով ամսագիրը ձեզ հասցնել մինչև Ամանոր, ցանկացել ենք արծարծվող նյութերի հրատապությամբ ու թարմությամբ ձեզ փոխանցել տոնական տրամադրություն ու արձակուրդի օրերի ժամանցը լրացնել «Տնտեսագետի» ընթերցմամբ: 
Լիահույս ենք, որ յուրաքանչյուր ընթերցող նոր համարում կգտնի իրեն հոգեհարազատ թեմա ու վերլուծություն և հետադարձ հայացքով կվերհիշի բուհի վերջին երկու ամիսների կարևոր իրադարձությունները: 

Սիրելի ուսանողներ, ամսագրի ձեր օրինակները, ինչպես միշտ, կարող եք վերցնել ձեր ֆակուլտետի դեկանատներից։ Իսկ որոշ ժամանակ անց ամսագրի էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am):


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին