Պետք է տեր կանգնենք ՀՊՏՀ ձևավորված բրենդին թե’ համալսարանի պատերի ներսում, թե’ դրանից դուրս. զրույց ՀՊՏՀ դեկան Աշոտ Մաթևոսյանի հետ

Դիտումների քանակ՝ 869

Գալիք տարին միշտ իր հետ լավատեսություն, նորանոր ակնկալիքներ ու հավատ է բերում, և այն բոլոր նպատակները, ցանկությունները, որոնք չեն իրականացել անցնող տարում, ուզում ենք իրականացած տեսնել նոր տարում: 
Այսօրվանից սկսած` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կզրուցի ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանների հետ` փորձելով պարզել, թե ինչով կցանկանային նշանավորված տեսնել 2013 թվականը իրենց ֆակուլտետների կյանքում և ինչ իրատեսական հիմքեր կան դրանք կյանքի կոչելու համար: 
Առաջին մեր զրուցակիցն է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը:
«Ուսանողները պետք է շարունակեն հետևել ՀՊՏՀ գաղափարախոսությանը, իրականացվող բարեփոխումների գործընթացին, դառնան դրա անմիջական մասնակիցը, որովհետև դրա արդյունքն իրենք են տեսնում և ամեն ինչ արվում է իրենց համար»,-կարևորելով ՀՊՏՀ-ում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը նաև 2013 թվականին` ֆակուլտետի դեկանը նշեց, որ բոլորը միահամուռ ուժերով պետք է տեր կանգնեն ՀՊՏՀ ձևավորված բրենդին թե’ համալսարանի պատերի ներսում, թե դրանից դուրս: Վերջինս ցանկացավ, որ եկող տարում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, աշխատակիցները իրենց արդյունավետ ու նվիրված աշխատանքով անձնական պատասխանատվության օրինակ ցույց տան, որովհետև սպասվում է որակի հավատարմագրման գործընթաց և պետք է կարողանալ հաղթահարել այն: 
«Շատ կուզենայի, որ յուրաքանչյուր ուսանող գիտակցի, որ իր չսովորած ամեն րոպեն հետագայում նյութական ու բարոյական լրացուցիչ ծախսեր է պահանջելու իրենից, ուստի ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվի ուսումնառությանը, ձեռք բերի առավելագույն գիտելիքներ և դառնա այն մասնագետը, որը կքայլի ժամանակի պահանջներին համահունչ և կլինի միշտ պահանջված»,- իր մաղթանքները հղելով ուսանողներին` ասաց Աշոտ Մաթևոսյանը: Մեր զրույցի ավարտին ֆակուլտետի ղեկավարը նշեց, որ եթե իր վերոնշյալ ցանկությունները տեսնի իրականացած, ապա 2013-ը կլինի հաջողված ու բարեբեր տարի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին