Անընդունելի է շուկայական հարաբերությունների մուտքն արվեստի ոլորտ. Վահան Արծրունին հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1094

ՀՊՏՀ ուսխորհրդի հրավերով այսօր մեծ դահլիճում հյուրընկալվեց ճանաչված երաժիշտ և երգահան Վահան Արծրունին: «Առաջին մասնագիտությամբ բժիշկ, երկրորդ մասնագիտությամբ և կոչումով  երաժիշտ մեր հյուրն այսօր սիրով կներկայանա  ձեզ, կպատասխանի ձեր հարցերին, կխոսի  մշակույթի բնագավառում առկա և բոլորիս մտահոգող խնդիրների մասին»,- ներկայացնելով հյուրին` ուսանողական խորհրդի թատերական և գրական ստուդիայի ղեկավար Հարություն Արզումանյանը տեղեկացրեց, որ հանդիպումն անցնելու է նոր ձևաչափով, և մասնակիցները կարող են  իրենց հուզող հարցերը հղել հայկական մշակույթում իր ուրույն տեղը զբաղեցնող երգահանին:

«Շատ ուրախ եմ, որ նման նախաձեռնություն եղավ, և կազմակերպվեց այս հանդիպումը: Ձեր բոլոր հայտարարություններում ինձ կոչել էիք անվանի կոմպոզիտոր, անչափ զգացված և տպավորված այդ գնահատականով»,- ողջունելով ուսանողներին` ասաց Վահան Արծրունին և շնորհակալություն հայտնեց իրեն տրված բարձր գնահատականի համար: Սիրված երգահանն անդրադարձավ  հայկական մշակույթում, մասնավորապես` երաժշտության ոլորտում տիրող իրավիճակին: «Արվեստի, երաժշտության ընկալումը հանրության մեջ այսօր շատ բևեռային է: Բոլորի ընկալմամբ` երաժշտությունը լինում է կամ ուրախ, կամ տխուր, կամ ծկծկան, կամ քեֆային: Եվ այս միջավայրում ստեղծել ու կառուցել մեկ այլ երաժշտություն,  շատ դժվար է»,- ասաց երգահանը`նշելով, որ այս իմաստով անչափ բարդ   է ասել, թե ինքն ինչ երաժշտություն է գրում: Վահան Արծրունին  ուսանողներին առաջարկեց, որպես ապագա տնտեսագետներ, զրուցել շոու բիզնեսի մասին:

Այս առնչությամբ բանախոսը հայտնեց իր տեսակետը` նշելով, որ Հայաստանում  շոու բիզնեսը միայն պատրանք է, որն ավարտվում է ռեստորանային կատարումներով: Երաժշտի դիտարկմամբ` արվեստն այսօր առարկայացել է, և  բնագավառ են մուտք գործել  տնտեսագիտությանը բնորոշ` շուկայական հարաբերություններ, առաջարկ և պահանջարկ եզրերը: Վահան Արծրունին նշեց, որ այս սկզբունքով առաջնորդվողներն իրական արվեստի գործեր չեն կարող ստեղծել, որովհետև չեն տարբերում առարկայական նյութն ու ստեղծագործությունը:

Բանախոսն անդրադառնալով հայ երաժշտության ակունքներին` Մեսրոպ Մաշտոցին, Ներսես Շնորհալուն, Կոմիտասին, Նարեկացուն, նրանց ստեղծած անկրկնելի ու չքնաղ հոգևոր երաժշտությանը` ցավով նշելով, որ այսօրվա երգարվեստը հեռացել է իր ազգային ակունքներից  և տուրք է տալիս անճաշակությանը: Վահան Արծրունին խոսեց նաև ռոքի, ֆոլկլորի, ակադեմիական ու ազգային երաժշտության մասին: Երաժիշտը սիրով պատասխանեց ուսանողների բոլոր հարցերին` դրանք ընդմիջելով երաժշտական գեղեցիկ կատարումներով:  

Հանդիպումն անցավ ջերմ ու անկեղծ մթնոլորտում:     

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին