ՀՊՏՀ գիտակների թիմերը գրանցել են բարձր արդյունքներ. «Ինդեքս Պրո»-ն դարձել է միջբուհական առաջնության հաղթող

Դիտումների քանակ՝ 1095

Դեկտեմբերի 11-14-ը ԵՊՀ-ում տեղի է ունեցել ինտելեկտուալ խաղերի միջբուհական առաջնություն, որին մասնակցել են 10 թիմ` հայաստանյան տարբեր բուհերից: Առաջնությունը բաղկացած է եղել երեք տարբեր` «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ», «Էրուդիտ կվարտետ», «Բրեյն ռինգ» մրցույթներից:  Մեր բուհից առաջնությանը մասնակցել են   «Ինդեքս Պրո» (թիմի ավագ, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրանտ  Հարություն Արզումանյան) և  «Էկոնոմ» (թիմի ավագ, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Սարգսյան) թիմերը:  

«Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» մրցույթում  ՀՊՏՀ «Ինդեքս Պրո»-ն, հստակ և կազմակերպված պատասխանելով բոլոր հարցերին, հրաշալի խաղ է ցուցադրել և նվաճել հաղթողի կոչումը («Էկոնոմ»- ը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը), 2-րդ տեղը գրավել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Բլեք Սթարը», 3-րդը` ֆրանսիական համալսարանի «Բրեյն Դենիջ» թիմերը:

 «Էրուդիտ կվարտետ» ինտելեկտուալ խաղի մրցույթում լավագույն արդյունքը կրկին գրանցել  է ՀՊՏՀ «Ինդեքս Պրո» թիմը:  2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Բլեք Սթար», 3-րդը` Երևանի պետական բժշկական համալսարանի «Ապոպտոզ» թիմերը:

«Բրեյն ռինգ» մրցույթում ևս  հաջող են հանդես եկել ՀՊՏՀ-ականները: 1-ին և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար ՀՊՏՀ «Էկոնոմ»  և «Ինդեքս Պրո» թիմերը , 2-րդը տեղը գրավել է «Բլեք Սթարը»:

Բոլոր մրցույթների ընդհանուր հաշվարկով ՀՊՏՀ  «Ինդեքս Պրո» գիտակների թիմը ցույց է տվել լավագույն արդյունք և նվաճել  հաղթողի կոչումը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Բլեք Սթար»-ը, 3-րդը` ՀՊՏՀ  «Էկոնոմ» թիմերը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց «Ինդեքս Պրո» թիմի ավագ  Հարություն Արզումանյանը:

 Շնորհավորում ենք ՀՊՏՀ գիտակների թիմերին և մաղթում նորանոր նվաճումներ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին